«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դատարանը ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կրկին Հայաստանից մեկնելու թույլտվություն է տվել։ Մեզ հայտնի դարձավ, որ դատարանը թույլատրել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Գուրգենի Խաչատրյանին 2023թ. ապրիլի 12-ից 17-ը ներառյալ մեկնել Հայաստանի Հանրապետությունից՝ համապատասխան բժշկական օգնություն ստանալու համար։ Հիշեցնենք, որ ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի վերջին նիստը չէր կայացել. դատավորը բացել է նիստը եւ փակել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Խաչատրյանի առողջական վիճակը վատ է. դա է պատճառը, որ դատարան չի ներկայացել: Ինչպես հայտնի է, հունվարի 18-ին Գագիկ Խաչատրյանին դատարանը թույլատրել էր մեկնել արտերկիր բուժման նպատակով։ Նա 2023 թվականի հունվարի 20-ից մինչեւ փետրվարի 10-ը բացակայել էր երկրից, եւ չնայած մեղադրող դատախազը դեմ էր՝ մտավախություն հայտնելով, որ Խաչատրյանը Հայաստան չի վերադառնա, այնուամենայնիվ, Խաչատրյանը գնաց եւ հետ եկավ: Ինչպես հայտնի է, Գագիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրված միլիոնավոր դոլարների չարաշահման, կաշառք վերցնելու եւ փողերի լվացման համար։
Խոսքը 41 միլիոն դոլարի մասին է։ Գլխավոր դատախազությունը Խաչատրյանին մեղադրում է նաեւ ապօրինի ճանապարհով հարստանալու համար։ Գագիկ Խաչատրյանից եւ նրան փոխկապակցված 20-ից ավելի անձանցից բռնագանձման ենթակա է 210 անշարժ գույք, որից 60-ը՝ Երեւան քաղաքում:
Բացի այդ, դատախազությունը պահանջում է բռնագանձել 14 տրանսպորտային միջոց, մասնակցություն իրավաբանական անձ հանդիսացող 33 կազմակերպությունում, նաեւ ավելի քան 40 միլիարդ դրամ»: