«168 ժամ»-ն իր այսօրվա առաջնորդողում գրել է. ««Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդդիմություն չդառնալու մասին իր հայտարարությամբ քաղաքականապես ոչնչացրեց Հայ ազգային կոնգրեսը, նրա առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծության հիման վրա կառուցված ավելի քան երկամյա ռազմավարությունը: Ծառուկյանը դա արեց շատ վարպետորեն` տևական ժամանակ, ՀԱԿ-ի կողմից ԲՀԿ-ից ընդդիմադիր ուժ կերտելու ողջ ընթացքում հրապարակային որևէ խոսք չասելով և ընտրական ցիկլի ավարտից հետո ընդամենը մեկ` հակիրճ հայտարարությամբ: Ծառուկյանը դա արեց` ապացուցելով, որ ի հեճուկս իր` ապաքաղաքական լինելու մասին գնահատականների, ինքը շատ ավելի ողջամիտ ու հաշվարկող քաղաքական գործիչ է, քան քաղաքական ռահվիրա համարվող Լևոն Տեր-Պետրոսյանը: Ծառուկյանը երբեք չէր հայտարարել, որ պատրաստվում է ընդդիմադիր դառնալ կամ կազմաքանդել ավազակապետությունը: Դա հայտարարում էր (է) Լևոն Տեր-Պետրոսյանը` վերջին բոլոր ընտրություններից առաջ և հետո: Այդ ընթացքում, գուցե նաև դրա շնորհիվ, Գագիկ Ծառուկյանը կարողացավ սեփական կուսակցությունը դարձնել խորհրդարանում ներկայացված երկրորդ խմբակցությունը, զբաղեցնել երկրորդ տեղը Երևանի ավագանու ընտրություններում` դա խորհրդանշելով`սեփական եկեղեցու բացման արարողությանը, ինչպես ինքը հայտարարեց, բոլորին միավորելով ու համախմբելով: Գաղավարական, սկզբունքային քաղաքականության տեսանկյունից գուցե Գագիկ Ծառուկյանի գործունեությունն այնքան էլ ազնիվ չէ: Սակայն, ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանն է ասել, արժեքները, սկզբունքներն ու քաղաքականությունը միանգամայն տարբեր կատեգորիաներ են, և ինքը «բացարձակ պրագմատիզմի» կողմնակիցն է: Ու հենց «բացարձակ պրագմատիզմի» տեսանկյունից Գագիկ Ծառուկյանը ցույց տվեց իր գերազանցությունը Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ: Քաղաքական գերազանցությունը»:
Գագիկ Ծառուկյանն իր հայտարարությամբ ոչնչացրեց Լևոն Տեր-Պետրոսյանի ռազմավարությունը
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet