Բոլորս մոտ թարմ են հիշողությունները փետրվար ամսին տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների մասին: Փետրվար ամսին ՀՀԿ ԳՄ նիստից հետո, երբ հանրապետական գրեթե բոլոր գործիչները ծայրահեղ քննադատության ենթարկեցին ԲՀԿ արդեն նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանին, վերջինս հայտարարեց, որ հանրահավաք է լինելու:
Բայց այդ հայտարարություն շատ քիչ անց, իշխանությունների հետ փակ հանդիպումից հետո Ծառուկյանը չեղյալ համարեց հանրահավաքը, որոշ ժամանակ անց էլ առհասարակ դուրս եկավ քաղաքականությունից: Կարծում եմ բոլորս հիշում ենք, թե ինչպես էր նույն Գագիկ Ծառուկյանը անցած տարի տեղի ունեցած հանրահավաքների ընթացքում հայտարարում, որ իշխանափոխություն է լինելու, լավ է լինելու, «իմ խոսքը գործ է» եւ այլն: Թե ինչքանով խոսքը գործ դարձավ, թողնում եմ ընթերցողի եզրակացությանը:
Վերոնշյալ իրադարձությունները չէի հիշի, եթե ապրիլի 28-ին «Առինջ Մոլի» բացմանը չլսեի նույն Գագիկ Ծառուկյանի այս խոսքերը. «Ինչ խոստացել եմ, տասնապատիկ ավելին եմ արել և շարունակելու եմ անել»: Այս հայտարարությունից շատ քիչ առաջ Ծառուկյանը «Հրազդան» տոնավաճառի այն վաճառողներին, որոնք դժգոհ էին սեփականատեր Աշոտ Աղաբաբյանից, խոստացել էր 3-4 տարով առեւտրի տարածք տրամադրել: Իսկ տարածքի վարձավճարը մարդիկ պետք է տային այն ժամանակ, երբ կարողանային:
Սակայն «Առինջ մոլի» բացումից ժամեր առաջ պարզ դարձավ, որ այնտեղ են տեղափոխվել համաձայնած վաճառողների հետ պայմանագրեր են կնքվում 1 տարի ժամկետով: Դա նշանակում է, որ 1 տարի հետո վարձակալողները սկսելու են վճարել: Բա ո՞ւր մնաց «ինչ խոստացել եմ, տասնապատիկ ավելին եմ արել եւ շարունակելու եմ անել»-ը: Պարոն Ծառուկյանին ուզում եմ տեղեկացնել, որ 3 տարվա տասնապատիկը 30-ն եւ ոչ թե 1-ը:
Սա դեռ ամենը չէ: Վարձակալողները ավելի ծանր պայմաններում են հայտնվել, քան նախկինում: Լսելով Ծառուկյանի հայտարարությունը հասկացա, որ գրավիչ առաջարկ է, որոշեցի հետաքրքրվել պայմաններից: Պարզվեց, որ տարածքը կառուցելու համար բոլոր վարձակալողներից վերցրել են 750.000-800.000 դրամ, իսկ կահավորելու համար եւս այդքան: Սակայն ծախսել են առավելագույնը դրա կեսը: Մի օրինակ բերեմ. երկու իրար կողք գտնվող տաղավարները ոչ թե իր կողք-կողքի երկու պատ ունեն, այլ՝ 1 ընդհանուր: Այսինքն` այդ պատերի վրա բավականին մեծ գումար է խնայել պարոն Ծառուկյանը:
Պարզվեց նաեւ, որ տարածքի լույսի, ջրի վարձերը պետք է վճարեն վարձակալողները եւ ոչ թե «Առինջմոլի» տնօրինությունը: Լավ այս դեպքում ի՞նչն է անվճար: Վարձակալողների համար ավելի հեշտ կլիներ միայն վարձը վճարել, քան այսքան գումար ծախսել: Ուզում եմ հասկանալ, ի՞նչ եղավ Ծառուկյանի «իմ խոսքը գործ է»-ները: Չնայած պետք է զարմանալ: Եթե մարդ մի անգամ ստում, մարդկանց հուսալքում, դա միշտ էլ կանի:
Ամեն օր Երեւան կենտրոն այցելող ցանկացած մարդ կնկատի, որ 259 համարի «Աբովյան-Երեւան» գեղեցիկ փիրուզագույն, հարմարավետ ավտոբուսները այլեւս չկան: Նախկին դեղին «Բոգդան»-ներն: Չկա նաեւ բարեգործական երթուղիների ավտոբուսները: Որոշ տեղեկություններով հետ են վերցվել նաեւ Գագիկ Ծառուկյանի տրամադրած տրակտորները: Այս ամենից կարել է մեկ եզրակացություն անել. պարոն Ծառուկյանը ոչ թե ժողովրդի մասին է մտածում, այլ իր անձնական փի-առ-ի: Այլ կերպ այս ամենը բացատրել չի լինի:
Աղասի Կարապետյան