«Հրապարակ» թերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանը որոշել է ԲՀԿ-ն «ծյունինգ» անել՝ ազատվել բոլոր այն կուսակցականներից, որոնք հանրության մոտ միանշանակ չեն ընկալվում, որոնց սուր ելույթները, հարցազրույցները ԲՀԿ-ին քարկոծելու առիթ են տալիս։ Հենց այս համատեքստում է տեղավորվում Գեւորգ Պետրոսյանի՝ խմբակցությունից դուրս գալու հայտարարությունը։
ԲՀԿ մեր աղբյուրները պնդում են, որ ամեն բան Ծառուկյանի կամքով է, հակառակ դեպքում Գեւորգ Պետրոսյանը կհայտնվեր Սերգեյ Բագրատյանի կողքին, ում դուրս գալուց հետո ԲՀԿ-ական պատգամավորները կազմակերպված արշավ սկսեցին՝ նրան դավաճանի պիտակ կպցնելով։ Ծառուկյանն է որոշել, որ Պետրոսյանն անկախ պատգամավորների շարքերը համալրի, իսկ թե ինչ կլինի հետո, ցույց կտա ժամանակը։
«Բոլոր դեպքերում, կամուրջները չեն այրվելու, Պետրոսյանն էլ եթե ԱԺ չեկավ, անգործ չի մնա»,- ասաց մեր աղբյուրը։ Հերթն այլ պատգամավորներինն է, եւ որքան էլ Նաիրա Զոհրաբյանը հերքում է, սակայն հաջորդն ինքն է լինելու։ Շարքում է նաեւ Միքայել Մելքումյանը, չնայած մեր աղբյուրները կարծում են, որ նա կկարողանա լեզու գտնել եւ գլխի ճարը տեսնել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում