Մարտի 23-ին Ֆրանսիայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են տեղի ունեցել: Ֆրանսիական Վիեն քաղաքի փոխքաղաքապետ է ընտրվել մեր հայրենակից 27-ամյա Լևոն Սաքունցը:
Լևոնը Ծնվել է 1986 թվականին՝ Երևանում: Ընտանիքը տեղափոխվել է Ֆրանսիա, երբ 13 տարեկան է եղել:
Պապը, ով ծնվել է Ֆրանսիայի Վիեն քաղաքում, 1947 թվականին ընտանիքի հետ միասին, ինչպես և շատ ֆրանսահայ ընտանիքներ, տեղափոխվել է Հայաստան: Հետաքրքիր զուգադիպությամբ՝ 13 տարեկանում:
Հետագայում ընտանիքիը տեղափոխվել է Ֆրանսիա՝ պապի ծննդավայր Վիեն քաղաք:
«Սկզբնական շրջանում դժվարություններ կային՝ հատկապես կրթություն ստանալու առումով, սակայն կարողացա հաղթահարել դժվարություններն ու բարձրագույն կրթություն ստանալ IT բնագավառում»,- ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Լևոն Սաքունցը:
Քաղաքականության մեջ առաջին քայլերը 2007 թվականին էին՝ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի նախընտրական քարոզարշավի ժամանակ: Այդ ժամանակից ի վեր՝ Լևոն Սաքունցը աջակողմյան «Ժողովրդական շարժում միություն»(UMP) կուսակցության ակտիվ անդամ է, որի կազմում է նաև ճանաչված քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանը: 2012 թվականից նաև կուսակցության խորհրդի անդամ է: Քաղաքական կյանքին զուգահեռ ակտիվ մասնակացություն ունի համայնքային կյանքին: Նաև Հայաստան հիմնադրամի խորհրդի անդամ է և ակտիվորեն մասնակցում է հեռուստափառատոնի կազմակերպչական աշխատանքներին:
Նշենք, որ Ֆրանսիական Վիեն և Հայաստանի Գորիս քաղաքները ունեն համագործակցության երկար պատմություն: 22 տարի առաջ հռչակվել են քույր քաղաքներ:
Ինչ վերաբերում է համագործակցությանը, Լևոն Սաքունցը մեզ հետ զրույցում նշեց, որ անձամբ չի զբաղվելու արտաքին կապերով, սակայն, անշուշտ, փորձելու է նպաստել դրան:
Դեռ1989 թ. Ֆրանսիայի Վիեն քաղաքի հայ մշակույթի տանը կազմակերպված ճաշկերույթի ժամանակ Վիենի քաղաքապետ Լուի Մերմազը ցանկություն էր հայտնել համագործակցելու Հայաստանի որևէ քաղաքի հետ:
Ֆրանսիայի «Կապույտ խաչի» անդամներն այդ ժամանակ Հայաստանում էին, և, օգտվելով առիթից, քաղաքապետը նրանց խնդրել էր Հայաստանում գտնել Վիենին համապատասխան մի քաղաք: Որպես համագործակից քաղաք ընտրվել է Գորիսը:
Համագործակցության շրջանակներում առաջնային են համարվել մշակույթի և սպորտի, առողջապահության, տուրիզմի, բնապահպանության, փրկարար ծառայության ոլորտները: Գորիսում բացվել են զբոսաշրջության գրասենյակը և ֆրանսախոսության մշակութային կենտրոնը: Գորիսի «քույր» քաղաքի համագործակցության շնորհիվ զգալիորեն բարելավվել է համայնքի առողջապահության համակարգը: Իսկ Գորիսի բժշկական կենտրոնը բարեկամացել է Վիենի կենտրոնական հիվանդանոցի հետ:
Մեծ աջակցություն է ցուցաբերվել Գորիսի առողջապահության համակարգին և հրշեջ փրկարարական ծառայությանը:
Հավելենք, որ այս տարվա փետրվարին Վիենի և LՂՀ Հադրութ քաղաքների միջեւ ստորագրվել է Բարեկամության հռչակագիր, որը նպատակ ունի զարգացնել երկու քաղաքների միջեւ բարեկամական կապերը եւ խրախուսել համագործակցությունը կրթության, մշակույթի, սպորտի եւ մի շարք այլ բնագավառներում: