Այն, ինչ կարդում եմ հիմա ուղղակի անկարելի է ոչ միայն չարձագանքելը, որով պայմանավորված էլ գրում եմ այս տողերը, այլև կարելի է ասել աններելի հանցանք կլինի չմեջբերելը ամբողջությամբ:
Հետևաբար` նախ վայելենք այս հոդվածիս շարժառիթ նյութը ամբողջությամբ.
<<Վերջին մեկ ամսվա ընթացքում հայկական շոուբիսնեսի ամենաքննարվող դեմքերից մեկը երգչուհի Նանան է: Պատճառը նրա հարսանյաց զգեստով նոր ֆոտոշարքն էր, ինչը խոսակցությունների մեծալիք բարձրացրեց: Երգչուհին էլ, օգտվելով առիթից, ոչ մի մեկնաբանություն չտվեց երկար ժամանակ մնալով քննարկումների կիզակետում: Esem.am-ի հետ զրույցում Նանայի մենեջերը` Պողոս Ամիրխանյանը, պարզաբանեց երգչուհու անվան շուրջ տարածված խոսակցությունները:
«Իրականում Նանան չի ամուսնացել: Հարսի զգեստով լուսանկարներն էլ ոչ թե իր հարսանիքի ժամանակ են արվել, այլ ամսագրերից մեկի համար, որի հերթական համարի շապիկին նա էր,- ասաց Պողոսը` հավելելով, որ երգչուհին դեռ չի մտածում ամուսնության մասին, քանի որ ծանրաբեռնված է ստեղծագործական աշխատանքներով: -Առաջիկայում նոր երգերի ձայնագրություններով, արտերկրում մենահամերգներով ու հավաքական համերգներով է զբաղված: Ցանկություն ունենք նաև նոր տեսահոլովակ ներկայացնել, որը ժամանակի սղության պատճառով չենք կարողանում իրականացնել»:Նանայի հարսանիքի մասին նյութերի մեկնաբանությունների հատվածում ծավալվել էր խոսակցություն, ըստ որի, Նանան նախկինում ամուսնացած է եղել և երեխա ունի: Այս մասին ևս խոսեցինք Պողոսի հետ, ով ծիծաղելով ասաց. «Երևի կա մեկը, ով Նանայից լավ գիտի նրա ապրած կյանքը: Նման բամբասանքները չեն համապատասխանում իրականությանը. Նանան երբևէ ոչ ամուսնացած է եղել, ոչ էլ երեխա ունի»:
Թեև երգչուհու մենեջերը փորձեց հերքել այն փաստը, որ այժմ երգչուհու սիրտը զբաղված է, վերջինս իր հարցազրույցներից մեկի ժամանակ նշել է. «Անձնական կյանքումս ամեն բան կարգին է. առաջ Աստված, շուտով կամուսնանամ»:Ըստ մեր ունեցած հավաստի տեղեկությունների` Նանայի ընտրյալը ամերիկաբնակ հայ գործարար է, ամուսնությունից հետո երգչուհին նույնպես պատրաստվում է հաստատվել ԱՄՆ-ում>>:
Հասկացաք` խոսքը հայ ռաբիզի Մոնտսերատ Կաբալիե երգչուհի Նանայի մասին է` իր համաշխարհային մեծության մենեջեր Պողոս Ամրիխանյանի մեկնաբանությամբ, ով ղեկավարում է <<OVS>> համաշխարհային ճանաչվածություն ունեցող ամսագիրը և կարող է մարտահրավեր նետել նույնիսկ ոլորտի դասականներին որպես ճաշակ թելադրող լրատվամիջոց, ու միթե մենք հայաստանցի գեղականներս այսքան ուշացել ենք ու չենք իմացել օլիմպոսյան այս երկու տիտանների մասին:
Հիմա ինչ է պարզվում:
Ժամանակ առաջ հայտնվում է Նանայի լուսանկարները հարսանեկան շորով և մեր օնլայն տիրույթում, հատկապես ֆեյսբուքում ու մյուս սոց ցանցերում սկսում են քննարկել նրա ամուսնությունը <<ախչի բա չեք իմացել երգչիստուհի Նանան ամուսնանցել է. ախչի ինչ ես խոսում բախտատերը թաղեմ, ոնց հասցրեց տեսնես էդ ում է կպցրել>> տիպիկ հայաստանյան տրամաբանությամբ:
Հետո հայտնվում է` էն էլ որտեղից որտեղ Պողոս Ամրիխանյան անունով մի համաշխարհային այլ մեծություն և պարզաբանումներ է տալիս Նանայի անձնական և ,մեղա մեղա, Աստված թող մեղք չհամարի` ստեղծագործական կյանքի վերաբերյալ:
Ու, ըստ նրա, Նանան ակտիվ ստեղծագործում է ..... ասենք օրինակ երգացանկի թարմացման համար հանրապետությունում քյաբաբնոցների մշակութաբանական-արվեստագիտական մոնիթորինգ է անցկացնում ... ու այսպես շարունակ:
Մի խոսքով` հերթական էջը հայաստանյան մշակութային մառազմատիկ կյանքից:
Հավես լինի` առավոտյան թարմ լուրերով համաշխարհային այս նորույթը կթարմացնեմ նոր բացահայտումներով:
Արսեն Լևոնյան