Մեր երկրում այսօր իրավիճակն օրհասական է: Եթե հիմա չպայքարենք, ապա բռնելու ենք արտագաղթի ճանապարհը՝ հրաժարվելով տնից, տեղից, ինքնությունից։ «Այսքան արյուն թափելուց հետո իրավոք չունենք ինքնասպան լինելու», - «Բեկում» համաերիտասարդական ֆորումում հայտարարել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը:
«Մեր Արցախն այսօր հանձնվում է, թշնամին մեր սուվերեն տարածքում է եւ չի ցանկանում դուրս գալ, ավելին՝ սպասվում են նոր հարձակումներ, իսկ մեր իշխանությունը բռնազավթած խունտան եւ նրա առաջնորդը՝ Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, զբաղված են հանցավոր անգործությամբ: Հայտարարում են, որ մենք միշտ էլ կայսրությունների փլուզման ժամանակ պետություն ենք ստեղծել եւ հետո կորցրել, սակայն սա մանիպուլյացիա է, քանի որ չի ասում, որ մենք պետականության կորստի առաջ ենք ոչ թե կայսրությունների փլուզման պատճառով, այլ, որ 2018-ից ի վեր իրենք են եկել իշխանության եւ այս ամենը պայմանավորված է իրենց ապիկար ղեկավարմամբ»,- ասաց նա:
44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Հայկ Մելիքյանի մայրը հիշեցրեց 2018 թվականին միահամուռ փողոց դուրս գալը՝ կոչ անելով նույնն անել այսօր։ «Ինչն է պատճառը, որ դուք այսօր դուրս չեք գալիս փողոց։ Միթե մեր այսօրվա իրավիճակը ավելի քիչ վտանգավոր է, ինչն է պատճառը, որ դուք այսօր լուռ եք։
Ես կարծում եմ այսօր դուք պետք է դուրս գաք պայքարի՝ հանուն մեր տղաների հիշատակի, հանուն ձեր կյանքի իրավունքի և ապագայի և հանուն ձեր մայրերի։ Հարցը դրված է այսպես․ կամ Փաշինյանը, կամ մենք։ Եթե մենք թույլ տանք նրան ստորագրել այդ պայմանագիրը, ապա այն դառնալու է մեր մահվան դատավճիռը, դառնալու է մեր պետականության վերջը»։