Օրերս երգչուհի Իրինա Հարությունյանը ներկայացրել է իր նոր՝ «Մարդամեկին» երգի տեսահոլովակը: Asekose.am-ը զրուցել է երգի ու տեսահոլովակի ստեղծման պատմության, երգչուհու ոճային կերպարների, վերջին շրջանում բուռն գործունեություն ծավալելու մասին և ոչ միայն:
Իրինա, մի փոքր պատմեք «Մարդամեկին» երգի և տեսահոլովակի ստեղծման գաղափարի մասին: Այս անգամ ու՞մ հետ եք աշխատել:
«Մարդամեկին» երգի երաժշտության հեղինակն է Վահե Ալեքսանյանը, խոսքերի հեղինակը` Մհեր Պետրոսյան, և տեսահոլովակի ռեժիսորն է Արեն Բայադյանը: Այս թիմի հետ շարունակելու եմ համագործակցել և նոր գործեր ներկայացնել իմ սիրելի երկրպագուներին:
Ինչպիսի՞ն եղան արձագանքները, հետաքրքիր է ՝ Ձեր երկպագուներն ավելի շատ ռիթմիկ, թե լիրիկական երգեր են «պահանջում» Ձեզանից:
Երգս բազում դիտումներ ունի իմ յութուբյան պաշտոնական էջում, ինչը հենց փաստում է, որ երգը հասել է մարդկանց սրտերին և պահանջված է:
Շատ հաճախ երգիչ-երգչուհիների երգերն ու տեսահոլովակների սցենարն անմիջականորեն կապում են նրանց կյանքի հետ: Ձեր դեպքում մարդկանց ուշադրությունը գրավել է նաև երգի անունը: Իրականում ով է այդ «մարդամեկը», ի՞նչ եք կարծում՝ Ձեր երգը կհասնի մարդկանց սրտերին, նրանց, ովքեր իրենց «մարդամեկին» ասելիք ունեն:
Ուզում եմ շեշտել, որ «Մարդամեկին» երգn անձամբ իմ հետ կապ չունի, երևի թե տպավորությունն այդպիսին է, քանի որ յուրաքանչյուր երգ ես ապրելով եm երգում:
Վերջին շրջանի Ձեր տեսահոլովակներում Դուք հանդես եք գալիս ոճային տարբեր կերպարներով՝ փորձելով զարմացնել Ձեր երկրպագուներին: Հետաքրքիր է ՝ արդյո՞ք մտածել եք Ձեր արտաքինում կտրուկ փոփոխություն անելու:
Անհամեստություն չլինի, բայց հարցի միակ պատասխանն այն է, որ ես ինձ սիրում եմ հենց այսպիսին, և փոփոխություններ անելու կարիք չեմ տեսնում, հատկապես կտրուկ:
Իրինա, Ձեր երգում կա մի այսպիսի տող՝«Գուցե զանգեմ նրան կրկին»: Հետաքրքիր է ՝արդյո՞ք Դուք այն մարդկանցից եք, ովքեր պատրաստ են առաջին քայլն անել հարաբերությունները վերականգնելու համար՝ կլինի սիրային, թե պարզապես ընկերական: Արդյո՞ք այն կարծիքին եք, որ առաջին քայլն անելն ուժեղ բնավորություն ունեցող մարդկանց է հատուկ:
Երբեք չեմ փորձի առաջին քայլ անել, որովհետև իմ բնույթով ես զիջող ու ներողամիտ եմ, եթե որոշում եմ վերջ դնել հարաբերություններին, ուրեմն ներելու, առավել ևս` քայլ անելու տեղ չի մնացել: Կտրուկ եմ: Իսկ հիմա անդրադառնամ իմ ընկերական հարաբերություններին. ես երբեք չեմ նեղացնում իմ ընկերներին, հետևաբար քայլ անելու խնդիր չկա:
Իրինա, գաղտնիք չէ, որ շատ երգիչ-երգչուհիներ նշում են, որ ժամանակ է պետք, որպեսզի երգը մեծ մասսայականություն վայելի և սիրվի ու ճանաչվի հանրության շրջանում: Դուք, սակայն, վերջին շրջանում Դուք բավականին ակտիվ գործունեություն եք ծավալում, նոր երգեր ու տեսահոլովակներ եք ներկայացնում: Արդյո՞ք Ձեր երգերն իրար չեն «խանգարում», արդյո՞ք չի ստացվում, որ դեռ մի երգը չի հասցրել գրավել համացանցը և մարդկանց ուշադրությունը, Դուք արդեն նոր երգ եք թողարկում:
Մեկը մյուսին բացարձակ չեն խանգարում, քանի որ ինչպես դուք նշեցիք` դրանք տարբեր ժանրերի են և չեն հոգնեցնում: Ուրախ եմ, որ վերջին շրջանում ներկայացրածս երգերը շատ կարճ ժամանակահատվածում տարածում են գտնում, գրավում մեծ լսարան:
Հետաքրքիր է ՝ ի՞նչ նորություններ են սպասվում Ձեր երկրպագուներին մոտ ժամանակներում:
Ես խոստացել եմ երկրպագուներիս այս տարվա ընթացքում բազում անգամներ զարմացնել իմ նորություններով: Չեմ ուզում բացել փակագծերը, բայց շատ անակնկալներ են սպասվում: