ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ անանդրադարձավ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցող դեպքերին, դրա քաղաքական երանգավորման և այլ հարցերի մասին:
«Բաղրամյան պողոտայում մնալու որոշումը շատ կարևոր էր և հաղթական, ու այս պահի դրությամբ հարցը շարունակում է օրակարգում մնալ:
Սա ոչ թե մեկի, այլ բոլորիս խնդիրն է: Ոչ թե մեկ, այլ Հայաստանը մեզ պատկանելու խնդիրն է: Բաղրամյան պողոտայից շատ կարևոր հայտարարություններ հնչեցին.«Հայաստա՛ն արի», այսինքն՝ մենք ուզում ենք Հայաստանը վերադարձնել և երկրորդը, երբ ոստիկանությունը եկավ և պահանջ էր ներկայացնում՝ ծանոթանալ աղբամանների առգրավման որոշման հետ, մի երիտասարդ պատասախնեց. 15.000 որոշում կբերես, նոր կգաս: Այսինքն, այստեղ մեկը չէ, 1000-ներն են»,-ասաց պատգամավորը:
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի՝ ցուցարարներին բանակցելու հրավիրելու քայլին, Զարուհի Փոստանջյանի խոսքով՝ այն երկպառակտելու, ամբողջ գործընթացը խափանելու փորձ էր, որը չստացվեց:
Asekose.am-ի հարցին, թե պատգամավորի կարծիքով՝ Կառավարությունը էլեկտրաէներգիայի 7 դրամ թանկացումը հատուցելու միջոցներն որտեղի՞ց է հայթայթելու, Զարուհի Փոստանջյանը պատասախնեց.«ՀՀ բարձրաստիճան պետական պաշտոնյաները տարբեր հայտարարություններ են անում և դրանք բացարձակ վստահություն չեն ներշնչում: Մենք չգիտենք ՝ ինչ են հայտարարում, որտեղի՞ց պետք է աղբյուրները որոնեն: Պետական բյուջեն այսօր նույնիսկ չի կարողանում համալրվել: Եթե ոչ պետական բյուջեից, ապա որտեղի՞ց: Իսկ պահանջն է՝ չեղարկել որոշումը»:
Անի Կարապետյան