▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե հայերը ներեն էլ, Աստված մեզ չի ների. թուրք լրագրողը` Հայոց ցեղասպանության մասին

Թուրքական Radikal-ի սյունակագիր Ռըդվան Շահինը Հայոց ցեղասպանությանը նվիրված` «Եթե հայերը ներեն էլ, Աստված մեզ չի ների» վերնագրով հրապարակում է ներկայացրել:

«Երբ գալիս է ապրիլի 2-ը, սիրտս ճմլվում է, խիղճս տանջում, ամաչում եմ, որ մարդ եմ... Հենց գալիս է ապրիլի 2-ը, աչքերիս առաջ են գալիս ճանապարհներին ընկած կանայք, սովից մահացած երեխաներ, իրենց տները ստիպված լքող մայրեր...։

Այո, ապրիլի 2։ Այդ օրը Վանում նշում են «թշնամուց» ազատագրելու օրը։  Սրանից 97 տարի առաջ այդ օրը 7 հայ սպանողին երաշխավորում էին մահից հետո դրախտ ընկնել։ Վանի հայերի մի մասին տեղահանեցին, մի մասին էլ շարում էին իրար հետեւից եւ հրազենով կրակում՝ փորձելով, թե մի կրակոցով քանի հայ է սպանվում։  Դաժանորեն էին սպանում, ահավոր կտտանքների ենթարկում։  Հայերի հետքերը վերացնելու նույնիսկ սուտ պատմություններ էին հորինում։

Հեյ, մուսուլմաններ, նման սուտ պատմություններով, ժխտողականությամբ դեռ ինչքա՞ն եք շարունակելու։ Թողեք թող երիտթուրքերի թոռները պաշտպանեն իրենց պապերի սխալները, դուք այդ մեղքերին հանցակից մի եղեք։

Իսլամում ասվում է, որ եթե մեկը վատություն, անիրավություն եւ բռնություն է կիրառում, դադարեք նրան պաշտպանել եւ պայքարեք նրա դեմ։  Ալլահի մարգարեն ասում է. «Եթե հանցանք կատարողը նույնիսկ իմ դուստրն է, նրան էլ կպատժեմ»։

Մուսուլմանների բարեւհաճությանը հանձնված հայերի պապերի, որդիների գերեզմանները նույնիկս ոչնչացրեցինք՝ ասելով, թե այնտեղ ոսկի կա...։

Այո, որոշ հայեր թշնամուն օգնել են։ Որոշ հայեր էլ ավազակության են դիմել, բայց պետության գործը հանցագործներին բռնել ու պատժելն է, ոչ թե հազարավոր անմեղ երեխաների, երիտասարդների, տարեցների՝ առանց կին ու տղամարդ ասելու,  քշել իրենց հայրենքից դեպի մահվան ճանապարհներ, Սիրիայի անապատներ եւ նպաստել հիվանդություններից, սովից ու շոգից նրանց մահվան։

Այսօր մեզ բաժին ընկած ճշմարտություններն ուսումնասիրել, մեր խղճին ականջ դնել եւ ճշմարտությունը բացականչելն է։

Ներեցեք մեզ, մեր պապերը չկարողացան պաշտպանել ձեր պապերին։ Ներողություն ենք խնդրում»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին