Երկար ժամանակ է, ինչ Հենրիկ Մխիթարյանը բարձրաձայնում է իր գյուտերի մասին, բողոքում է, որ իրեն ոչ ոք տեր չի կանգնում սակայն, ոչ ոք կարծես չի լսում տարեց մարդու բողոքի ձայնը:
Մխիթարյանն ունի Մտավոր սեփականության գործակալության կողմից արտոնագրված հիդրոէլեկտրակայանի գյուտը, որի կիրառումն, ըստ գյուտարարի, մոտ 10 անգամ կկրճատի էլեկտրաէներգիայի ստացման ծախսերը:
«16 միլիարդ դոլար են ծախսում ատոմակայանի վրա, որ այդ էլեկտրաէներգիան ստանան, ես առաջարկում եմ 100 մետրի վրա կառուցված հիդրոէլեկտրակայաններով ու 2-3 միլիոն դոլար ծախսով նույն էներգիան ստանալ, որն էկոլոգիապես էլ մաքուր կլինի: Ամեն ինչ ապացուցում եմ մեխանիզմներով, հաշվարկներով, գծագրերով, սակայն ոչ ոք ինձ բանի տեղ չի դնում»,-նշում է Հենրիկ Մխիթարյանը:
Ամեն հինգշաբթի կառավարության շենքի մոտ բողոքող, երբեմն իր վրա ուշադրություն հրավիրելու համար ծայրահեղ միջոցի` հացադուլի դիմող գյուտարարն ասում է, որ դիմել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանին: Վերջինս որևէ բան չի արել և ընդամենը խորհուրդ է տվել իր աշխատությունները ներկայացնել համալսարան: Թոշակառու Հենրիկ Մխիթարյանն այդպես էլ արել է, սակայն այստեղից ևս արձագանք չի ստացել:
Հուսահատ պապիկն ասում է, որ անգործության համար դատի է տալու ակադեմիային:
«Չգիտեմ էլ ինչ անեմ նյարդային վիճակից լեզուս բռնվել է, ոտքս բռնվել է, սկսել եմ քարշ տալ: Ինչ անեմ, հիմա էլ սրանց վրա հույս չունեմ: Դիմել եմ Ռուսաաստանին, սպասում եմ տեսնեմ` մի բան կանեն»:
Գիտությունների ազգային ակադեմիայից Asekose.am-ին պատասխանեցին, որ այս թեման արդեն փակված է, իրենք գրավոր նամակով պատասխանել են Հենրիկ Մխիթարյանին և ավելացնելու բան էլ չունեն:
Այս պարագայում մնում է պատկան մարմիններին միայն հուշել, եթե տարեց գիտնականի աշխատանքը չեք գնահատում, գոնե տարիքը հարգեք:
Գյուտերի մասին մանրամասները` տեսանյութում: