Վարչապետ Կարեն Կարապետյանն օրերս ընդունել է Հանրային խորհրդի անդամներին՝ խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ:
Կառավարության ղեկավարը Հանրային խորհրդի անդամների հետ քննարկել է ՀՀ տնտեսության ներկայիս վիճակին, առկա խնդիրներին և զարգացման ուղղություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, արծարծվել են տնտեսական քաղաքականությանը, կառավարման արդյունավետությանը, փոքր և միջին ձեռնարկատիրությանը, կրթությանը և գիտությանը, բանկային համակարգին և մի շարք այլ ոլորտներին առնչվող հարցեր:
Մտքերի փոխանակության ընթացքում վարչապետին են ներկայացվել բարձրացված խնդիրների վերաբերյալ մի շարք առաջարկություններ: Վարչապետը նշել է, որ նոր կառավարությունը, իր խնդիրները լուծելու ճանապարհին, հասարակությանը տեսնում է որպես գործընկեր, և այս տեսանկյունից Հանրային խորհուրդը խողովակներից մեկն է, որով գործադիրը հանրության հետ երկխոսություն է կառուցելու:
Արշակ Սադոյանը ողջունելով նման գործելաոճը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց.
«Այսօր կործանարար մի իրավիճակ է և կոլեկտիվ ջանքերով պետք է փոսից դուրս գանք: Ազգային համագործակցության կառավարություն ստեղծելը դարձել է խիստ հրատապ: Ես ԱԺ-ում ներկայացված կուսակցություններին և մյուս քաղաքական ուժերին կոչ եմ անում.«Եթե դուք, այսպես ասած, դատարկ չեք, ասելիք ունեք այս երկրի փրկության ճանապարհի համար, առաջարկեք ձեր ծրագրերը, ներկայացրեք նոր կառավարությանը»:
Արշակ Սադոյանը տեղեկացրեց, որ առաջիկայում վարչապետի հետ ևս մեկ հանդիպում է նախատեսված, ուստի նոր առաջարկություն են անելու, որոնց մասին ստորև՝ տեսանյութում.
Անի Կարապետյան