Գործադիրն այսօր դրական եզրակացություն տվեց «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որն առաջարկել էին ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանն ու «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը.
«Սա կառավարության առաջին քայլն է, բայց դա դեռ լիարժեք չէ, որովհետև մենք սպասում ենք, որ ԱԺ-ն արագորեն կանդրադառնա այս հարցին ու կճանաչենք Արցախը որպես անկախ միավոր և կօգնենք, որպեսզի այն դառնա միջազգային իրավունքի սուբյեկտ: Մենք այդ քայլով կպարտադրենք, որպեսզի մեզ հետ այլ դիրքից խոսեն: Սա մեր քաղաքական հայտն է, մենք ցանկանում ենք տարածաշրջանում լինել լուրջ քաղաքական գործոն: Մեր ազգային շահն է պահանջում ճանաչել ԼՂՀ-ն, իրավունք չունենք սպասել»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Պատգամավորի փոխանցմամբ՝ Ադրբեջանը դիմում է ներկայացրել ՄԱԿ-ին՝ 1994 թվականի զինադադարի համաձայնագիրը չեղարկելու մասին.
«Այսինքն, գործոն լինելու համար պետք է ճանաչենք Արցախը: Ես արդեն տարբեր դիվանագիտական խողովակներով զանգեր եմ ստանում, որ ՀՀ ճանաչումից հետո այլ պետությունների կողմից եւս հետեւելու է ճանաչման գործընթացը: Շատ եմ ցավում, որ թույլ տվեցինք պատերազմ լինի: Մենք այս պահի դրությամբ չենք հաղթել, ուղղակի վտանգը մի փոքր մեզնից հեռացրել ենք»,-նկատեց Զարուհի Փոստանջյանը:
Պատգամավորը չի բացառում՝ ԱԺ-ն կարող է չճանաչել ԼՂՀ անկախությունը.
«Այնպես չէ, որ ՀՀ ԱԺ-ում անկախ անձինք են: Պատգամավորներից շատերը հրամանի, և ոչ թե խղճի մտոք են գործում: Եթե չլինի հանրության դիմադրություն, ապա չի բացառում, որ այլ հրաման տրվի»:
Անի Կարապետյան