Ռեժիսոր, հաղորդավար Սուրեն Շահվերդյանը, ով օրերս նշանակվել է Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար,ֆեյսբուքյան իր էջում առաջարկով է հանդես եկել.
«Բարի օր, Համազգային թատրոնի ստեղծագործական կոլեկտիվ,
քայլ անենք` միասին:
Իբրև նորանշանակ գեղարվեստական ղեկավար՝ լավատեսությամբ համակված և նաև ստեղծված իրավիճակից ելնելով, արժևորելով Ձեր մասնագիտական որակները և թատրոնի հանդեպ ձեր նվիրվածությունն ու սերը, աշխատելու և արարելու Ձեր ցանկությունը՝
ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՄ՝
1. Առաջարկ ՆԱՐԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ.
Բարձր գնահատելով Նարինե Գրիգորյանի և՛ դերասանական, և՛ ռեժիսորական կարողությունները՝ հրաժարվում եմ, իբրև ռեժիսոր, առաջինը ներկայանալ Համազգայինի բեմում սեփական նախագծով և առաջարկում եմ Նարինե Գրգորյանին բեմադրել ցանկացած պիես՝ ցանկացած ստեղծագործական կազմով: Իմ կողմից պարտավորվում եմ ստեղծել աշխատանքային բարենպաստ միջավայր, ապահովել ֆինանսական հոսքեր, և անշուշտ, նպաստել ներկայացման հանրահռչակման գործընթացին:
2. Առաջարկ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԻ ԱՐՏԻՍՏՆԵՐԻՆ.
Լսելով ձեր մտահոգությունները մասնավորաբար ճեմասրահում Սոս Սարգսյանի նկարի, ձեր լուսանկարների, պատերին ազդագրերի առատության, կուլիսների խնդրի, դռների փականների և այլ խնդիրների շուրջը՝ առաջարկում եմ համատեղ քննարկել բոլոր խնդիրները և խոստանում անմիջապես դրական լուծում տալ:
Այսուհետ առաջարկում եմ առավել դեմոկրատ և թափանցիկ կառավարում:
ՔԱՅԼ ԱՆԵՆՔ ՄԻԱՍԻՆ ԵՎ ԱՊԱՑՈՒՑԵՆՔ, ՈՐ ԲՈԼՈՐՍ ԵՆՔ ՄՏԱՀՈԳ ԹԱՏՐՈՆԻ ՆԵՐԿԱՅՈՎ ԵՎ ԱՊԱԳԱՅՈՎ »:
Հիշեցնենք, որ Սուրեն Շահվերդյանն օրերս նշանակվել է Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար: Նրան այդ պաշտոնում նշանակել է Վիգեն Չալդրանյանը, ով հրաժարական է տվել թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից՝ մնալով միայն որպես Համազգային թատրոնի տնօրեն:
Կարդացեք նաև՝ Հայցում եմ բոլորիդ ներողամտությունը, խնդրում եմ դադարեցնել ֆեյսբուքյան պատերազմը. Սուրեն Շահվերդյան