a1plus.am-ը գրում է. ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը խոսեց նիստում քննարկված թեմաների մասին: Ըստ նրա՝ անդրադարձ է եղել Երևանում տեղի ունեցած Հավաքական անվտանգության կազմակերպության ՀԱՊԿ անդամ-պետությունների արտաքին գործերի նախարարների կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ընդունած որոշմանը, որը հակասում է հիմնահարցի կարգավորման Ադրբեջանի դիրքորոշմանը:
«ՀԱՊԿ կողմից ընդունված հայտարարությամբ անդամ-պետությունները վերահաստատում են հանգամանքը, որ ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը փոփոխության ենթակա չէ, որ Թուրքիան այնտեղ անելիք չունի, որ Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում նախագահների միջև տեղի ունեցած հանդիպումների արդյունքում ձեռքբերված պայմանավորվածությունները պիտի կյանքի կոչվեն»,- ասաց Շարմազանովը:
ՀՀԿ նիստում խոսվել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հեռախոսազրույցի մասինն: Շարմազանովն այն դրական գնահատեց, նշեց, որ գերտերությունները ղեկավարներ են, ՄԱԿ անվտանգության խորհրդի ղեկավարներ, որոնք, փաստորեն, հիմնահարցի վերաբերյալ համահունչ դիրքորոշում ունեն:
«Գոնե պաշտոնական հաղորդագրությունը ցույց է տալիս, որ նրանք խնդրի խաղաղ կարգավորման կողմնակից են: Սա ընդհանուր մոտեցում է, հակասություն չկա: Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ ռուս-ամերիկյան դիրքորոշումները հակասող չեն, հակառակը՝ համահունչ են»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
Ըստ ՀՀԿ խոսնակի՝ համանախագահ երեք պետությունների դիրքորոշումները սկզբունքային հարցերի շուրջ համահունչ մոտեցումներ ունեն, կարծում են, որ հասարակությունները պիտի պատրաստվեն խաղաղության, ոչ թե պատերազմի, որ ԼՂ ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը պետք է լինի հանրաքվեի միջոցով, որ ԼՂ-ն չի կարող լինել Ադրբեջանի կազմում:
«Մենք ձգտելու ենք հասնել խաղաղության, մենք քարոզում ենք բացառապես խաղաղություն: Թող Բաքվում հույսեր չփայփայեն. Լեռնային Ղարաբաղը չի եղել ու չի լինելու Բաքվի տիրապետության տակ: ԼՂ-ում Բաքվի ու Ադրբեջանի դրոշի տեղադրման տարբերակը մեկն է՝ պաշտոնական Բաքուն ճանաչի պաշտոնական Ստեփանակերտը, անկախ Արցախում բացվի Ադրբեջանի դեսպանություն ու ծածանի իր պետական դրոշը: Եթե այդքան շատ են ուզում տեսնել Ղարաբաղում ադրբեջանական դրոշը, տարբերակը մեկն է՝ ճանաչեն Լեռնային Ղարաբաղը ու Ստեփանակերտում բացեն դեսպանություն»,- նշեց ՀՀ Էդուարդ Շարմազանովը:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում
Տեսանյութը՝
-ի