▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե 1-2 անմեղսունակներ պետք է հավատան, ի՞նչ ասեմ՝ թող հավատան. Քոչարյանի գրասենյակի ղեկավար

ՀՀ 2-րդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը yerevan.today-ի հետ զրույցում անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցի մեկնաբանություններին:

 

- Պարոն Սողոմոնյան, շաբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանը ՀՀ 2-րդ նախագահի հետ հարցազրույց հրապարակեց, որը, ինչպես և ակնկալվում էր, կրկին բուռն քննարկումների ու վերլուծությունների առարկա դարձավ: Ընդհանուր առմամբ գո՞հ եք հարցազրույցի հասարակական արձագանքից: 

- Այո, շատ: Թեկուզ միայն համացանցում արձանագրված արդյունքներից ելնելով կարող եմ փաստել, որ մարդիկ շարունակում են մեծ ուշադրությամբ հետևել նախագահ Քոչարյանի ելույթներին: Հարցազրույցին առնչվող քաղաքական հայտարարությունների մակարդակն էլ զգալիորեն փոխվել է: Ճիշտ է` կուզենայի բովանդակային քննարկումերի քանակն ավելի մեծ լիներ, իսկ դրանց անտեղյակ մասնակիցների քանակը՝ ավելի քիչ, բայց դրա համար երևի թե էլի ժամանակ է պետք:

Ի դեպ, օգտվելով առիթից, անտեղյակ մասնակցության ընդամենը մեկ օրինակ բերեմ. դա ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանի այսօրվա հայտարարությունն է, թե` «Անազնիվ է, երբ մարդիկ, որոնք Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման շուրջ բանակցություններ են վարել հիմք ընդունելով «մադրիդյան սկզբունքները», գործող իշխանություններին պատասխանատու են համարում ներկայիս իրավիճակի համար»: Սա պարզապես անպատասխանատու հայտարարություն է: Կիրո Մանոյանը, ըստ ամենայնի, կամ անձամբ չի կարդացել Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը, կամ էլ, ցավոք, չի կարողացել ըմբռնել հարցազրույցի բովանդակությունը: Առաջարկում եմ նրան մեկ-երկու անգամ վերընթերցել այն: Հնարավոր է` արդյունքում Մանոյանը նկատի, որ իր ասածը որևէ կապ չունի հարցազրույցի տեքստի հետ: Եթե կրկին չստացվի՝ ի՞նչ ասեմ, ստիպված ենք ներողամիտ լինել: 

- Տպավորություն է, որ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ վերջին շրջանում տարածվող տարատեսակ տեղեկությունների և իր գրասենյակի կողմից դրանց արձագանքների միջև զգալի անհամաչափություն գոյություն ունի: Ինչո՞վ կբացատրեք:  

- Այսօր, ընդհանուր առմամբ, հայաստանյան հրապարակային դաշտում ադեկվատության մեծ պակաս կա: Կարծում եմ` դա ակնհայտ է բոլորի համար: Դաշտը լեցուն է բամբասանքներով, չճշտված տեղեկություններով, ստերով: Դրանք, բնականաբար, ժամանակ առ ժամանակ մեզ էլ են առնչվում: Եթե նկատել եք, փորձում ենք տարբեր ձևերով արձագանքել միայն այն հրապարակումներին, որոնց մեջ կամ առարկայականի հավակնություն ունեցող կեղծիք կա, կամ որևէ ռացիոնալ հատիկ, կամ էլ` որոնք բովանդակային խնդիրների են անդրադառնում: Մնացածներն անտեսում ենք: Եթե մեկ-երկու անմեղսունակներ պետք է հավատան, որ, օրինակ, Ռոբերտ Քոչարյանն արդեն մի քանի տարի է ընտանիքով բնակվում է ԱՄՆ Գլենդեյլ քաղաքում՝ ի՞նչ ասեմ, թող հավատան: Դրանից, հավատացնում եմ ձեզ, ոչ մենք կտուժենք, ոչ հասարակական կարծիքը:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին