Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարող «Դ!ԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնությունն այսօր Մատենադարանի մոտ հավաք-ցույց է կազմակերպել:
Նախաձեռնության անդամները նշեցին, որ այսօրվա հանդիպումը ավելի շատ գործնական հանդիպում է: Նրանց խոսքով` պետք է կասեցվեն անօրինական որոշումները: ՊԵԿ-ը կայքից պետք է հեռացնի «պարտադիրի» դաշտը, անհապաղ դադարեցնեն պահումները և վերադարձնեն պահված գումարները:
Հանրահավաքին առաջինը ելույթ ունեցավ «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը և ներողություն խնդրեց հավաքվածներից, որ հարթակը, որտեղ կանգնած են իրենց ժողովրդից բարձր է գտնվում: Այնուհետև հիշեցրեց, որ մի քանի օր առաջ՝ ապրիլի 9-ին, հանրային ճնշում դրսևորվեց, որով պահանջվում էր Ֆինանսների նախարարությունից հետևել Սահմանադրական դատարանի որոշմանը:
«Երբ ցանկացած կառավարության դիրքորոշում չի համընկնում ժողովրդի դիրքորոշման հետ այդ կառավարության դիրքորոշումը առ ոչինչ է: Այսօրվա հավաքը գործնական հանդիպում է, պետք է համաձայնության գանք մեր հետագա անելիքների հետ կապված»,-ասաց նա:
«Երեք պահանջ ունենք, որոնք սովորական են ներկայիս իշխանության համար: Եթե չեն հրաժարվում իրենց որոշումից, մենք կշարունակենք մեր պայքարը` բոլոր ձևերով ու եղանակներով»,-ասաց նախաձեռնության անդամներից մեկը` Կարեն Հովհաննիսյանը, հորդորելով հաշվի նստել ժողովրդի հետ.
«Ես ոչ ոքի պարտավոր չեմ, ավելին` պարտական չեմ: Մի պահ մոռացե'ք աթոռի, պաշտոնի մասին, դուրս եկեք և մտեք իրականություն, հիշեք, թե ինչ ազգի զավակ եք և քայլ կատարեք` ի նպաստ ժողովրդի»,-ասաց նախաձեռնության անդամը` շարունակելով.
«Մեր առջև երկու ճանապարհ են դրել. կամ կուտակայինը, կամ արտագաղթը: Մենք ընտրում ենք երրորդը` պայքարը»: