Արդեն տեղեկացրել ենք, որ վաղը «Արսենալի» կազմում իր նորամուտը կնշի Հայաստանի հավաքականի առաջատար ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը: Նա հանդես կգա հարձակման աջ եզրում:
Նա եւ Մեսութ Օզիլը կփորձեն գնդակներ մատակարարել եւ հարձակման դիրք դուրս բերել Լակազեթին: Իսկ «Արսենալը» մրցելու է «Սուոնսիի» հետ, որը կատաղի պայքար է մղում տեղը ուժեղագույնների խմբում պահպանելու համար:
Նախօրեին խոսելով Հենրիխ Մխիթարյանի մասին, զինագործների գլխավոր մարզիչն ասել է, թե մինչ Մխիթարյանին ձեռք բերելու որոշումը կարծել է, թե նա թուրքական արմատներ ունի, ինչպես Մեսութ Օզիլը:
«Ես մտածում էի նաեւ ընդհանուր ծագումը Մխիթարյանին եւ Օզիլին կօգնեն միմյանց հետ լավ համագործակցել: Հիմա, երբ գիտեմ, որ Մխիթարյանը հայ է, իսկ Օզիլը քուրդ, կրկին մտածում եմ, որ նրանք լավ կհամագործակցեն»:
Վենգերին երբ հարցրել են, թե ինչու է նա կարծել, որ Մխիթարյանը թուրք է, նա ասել է, որ իր մոտ տպավորություն է եղել, որ նա Թուրքիայից է: «Երբ մենք արդեն հասկացանք, որ պետք է ձեռք բերենք Մխիթարյանին, ես ուսումնասիրեցի նրա խաղը եւ հասկացա, որ նա հայ է եւ Հայաստանի հավաքականի առաջատարն է: Հուսով եմ հայերն ինձ կներեն աշխարհագրության վատ իմացության համար»,- ասել է Վենգերը: