ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականը նրա անձնական որոշումն էր: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Հարցին, թե Հովիկ Աբրահամյանի հրաժարականն անհրաժեշտություն չէ՞ր, Էդուարդ Շարմազանովն այսպես արձագանքեց. «Իսկ ի՞նչ է՝ անձնական որոշումը անհրաժեշտությամբ չէ՞ պայմանավորված: Դուք Հովիկ Աբրահամյանի ելույթից հասկացաք, որ դա անձնական կապրի՞զ էր, ոչ, սա պետության համար անհրաժեշտություն էր ու ինքը որպես պետական գործիչ գնաց այդ քայլին»:
Սա է պատճառը, որ, ըստ Էդուարդ Շարմազանովի, իրենք բարձր են գնահատում Հովիկ Աբրահամյանի «պետականամետ դիրքորոշումը», ով դրանով օրինակ ծառայեց ապագա ու ներկա պաշտոնյաների, որ նրանք չմտածեն, թե կա «վերմակը միայն իրենց վրա չպետք է գցեն, երբ կա պետական շահ»:
«Ես Հովիկ Աբրահամյանի գործունեությունը դրական եմ գնահատել ու գնահատում: Պարոն Աբրահամյանն ու նախկին կառավարությունը մինիմումի են հասցրել վտանգները, որի առաջ կանգնած էր Հայաստանը: Հիմա նայեք առաջ ու հաջողություն մաղթեք հաջորդ կառավարությանը»,- նշեց ԱԺ փոխխոսնակը:
Երբ Էդուարդ Շարմազանովին հիշեցրեցին, որ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ կոռուպցիայի ու մենաշնորհի դեմ պայքարը սկսելու է հենց իր մերձավորներից, բայց նրանցից որևէ մեկն այդպես էլ պատասխանատվության չենթարկվեց, նա արձագանքեց այսպես. «Մի անձնավորեք, Հովիկ Աբրահամյանն այդ կառավարությունը իր հոր տնից չի բերել, դա Հանրապետական կուսակցության կառավարությունն է եղել, ինչպես Վազգեն Սարգսյանի, Արամ Սարգսյանի, Անդրանիկ Մարգարյանի, Սերժ Սարգսյանի, Տիգրան Սարգսյանի կառավարությունը… Բացթողումների ու թերությունների պատասխանատուն ՀՀԿ-ն է: Մենք 99-ից սկսած և՛ բացասականի տերն ենք, և՛ դրականի; Իսկ հիմա նոր իրողություններ են: Հայաստանում բարեփոխումների շրջան է մեկնարկել. գուցե, պատմաբաններն այս շրջանը որակեն որպես բարեփոխումների աշուն»:
Ես Հովիկ Աբրահամյանի գործունեությունը դրական եմ գնահատել ու գնահատում. Շարմազանով
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet