▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես եմ ապրում Հայաստանում, ես եմ ընտրում Նախագահին

Բարեկամներ,

իմ վերջին գրառումներից մեկը, որը վերաբերում էր Գլենդելում ապրող որոշ մեր հայրենակիցներին և կապված էր սույն տեսանյութում տեղ գտած անընդունելի հայտարարությունների և պիտակավորումների հետ, բավական էմոցիաներ է առաջացրել: Այս առումով ցանկանում եմ պարզաբանել.

1.Այսօր, ապրելով օվկիանոսից այն կողմ և անհաղորդ լինելով հայաստանյան իրականությանն ու խնդիրներին, ոմանք իրենց իրավունք են վերապահում հավաքվել Հայաստանի հյուպատոսության դիմաց և վիրավորական արտահայտություններ թույլ տալ իմ երկրի Նախագահի հասցեին: Ե՛ս եմ ապրում Հայաստանում, ե՛ս եմ ընտրում Նախագահին, անկախ այն հանգամանքից, թե տվյալ ժամանակաշրջանում ով է զբաղեցնում Նախագահի պաշտոնը: Այո՛, շատ իմ ընկերներ քվեարկել են ընդդիմադիր թեկնածուի օգտին, նրանք դեմ են իշխանություններին, սակայն մեր հարցերը մենք լուծում ենք այստեղ՝ Հայաստանում, ապրելով և գործելով Հայաստանում, մեր երկրի լավն ու վատը տեսնելու իրավունքով: Ո՛չ ես, ո՛չ էլ իմ ընդդիմադիր ընկերներից որևիցե մեկը չենք հանգրվանել օվկիանոսից այն կողմ և ավելի լավ կյանք գտնելով՝ չենք վատաբանում միմյանց: Մենք կարող ենք կարծիք հայտնել, բայց մեզ թույլ չեն տալիս վիրավորել և պիտակավորել:

2.Ես իրավունք չունեմ և չեմ էլ ցանկանում մեղադրել այն մարդկանց, ովքեր ստիպված են եղել գտնել իրենց հացը մեր երկրի սահմաններից դուրս: Այո՛, Հայաստանի և Սփյուռքի միասնությունն է, որ կարող է լուծել շատ անլուծելի թվացող խնդիրներ: Եթե կար թյուրըմբռնում, հայցում եմ Ձեր ներողամտությունը՝ հուսալով, որ կարողացա բացատրել միտքս, և հույս ունեմ, որ այլևս թյուրըմբռնումների տեղիք չեմ տա:

 

ՀՀԿ խորհրդի անդամ  Միհրան Հակոբյանի գրառումը

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին