galatv.am-ը գրում է. «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների նախագծի վերաբերյալ բարձրացված աղմուկը չի դադարում: ՀՀ կառավարության որոշումն առաջացրել է բազմաթիվ աշխատող ծնողների դժգոհությունը, ովքեր այսօր կեսօրին բողոքի ակցիա են իրականացրել ԱԺ շենքի դիմաց: Հավաքվածները ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ասել են, որ օրենքը բազմաթիվ վտանգներ է պարունակում: «Վտանգված է այն կանանց երեխա ունենալու որոշումը, որոնք մինչեւ հղիանալը տարբեր տեսակի հարկեր են մուծել պետությանը: Այդ օրենքի ընդունումը կնշանակի, որ պետությունը չի ուզում, որ աշխատող կանայք երեխաներ ունենան: Ես միտում եմ տեսնում, որ նման նախագծերը գողեգող օրենք են դարձնում: Բոլոր իրավագիտակից մարդիկ պետք է թույլ չտան, որ այս նախագիծը դառնա օրենք: Թող էլի բարձրացնեն չաշխատող մայրերի գումարը, բայց ոչ մեր հաշվին, պետք չէ դրա համար կրճատել մեր գումարը»,- ասել են բողոքի ակցիայի մասնակիցները:
Հավաքվածները «Ես դեռ չծնված՝ դուք խլում եք իմ տակաշորի գումարը», «Մի գողացեք մայրիկիս գումարը», «Մեկ մայրն ուժեղ է, միասին կստեղծենք բանակ» գրությամբ պաստառներով պահանջում էին, որպեսզի օրենքի նախագիծը հետ կանչվի: Բացի այդ, երիտասարդ ծնողները պահանջում էին, որպեսզի պահպանվի աշխատող կանանց մինչծննդաբերական և հետծննդաբերական փոխհատուցման կարգն այնպես, ինչպես սահմանված է ներկայում գործող օրենքում: «Պետք է գտնել բյուջետային այլ աղբյուրներ չաշխատող կանանց մինչծննդաբերական և հետծննդաբերական նպաստ վճարելու համար»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում