«Իրատես de facto» թերթը զրուցել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանի հետ։ Հատված հարցազրույցից.
«Պարոն Ավանեսյան, դասական ձեւակերպմամբ` Դուք «նախկի՞ն» եք, թե՞ «ներկա»։ Որովհետեւ «նստել եք եւ՛ Նիկոլայի օրոք, եւ՛ Նէպ-ի ու Ալեքսանդրի», ո՞ւմ օրոք էիք Ձեզ ավելի լավ զգում:
Ես ինձ դպրոցում էի լավ զգում, հետո ինստիտուտում, եւ եթե ինձ հարցնեին` որտե՞ղ եմ ինձ լավ զգում, ես շատ կդժվարանայի պատասխանել: Չնայած, եթե անկեղծ` հայաթում էի ինձ լավ զգում:
Ոնց տեսնում եմ` այլընտրանքն իսկապես Ձեր կյանքի անբաժան ուղեկիցն է։ Ի՞նչ էիք անում «հայաթում», որպես հայաթավոր:
Ֆուտբոլ էինք խաղում, որ եղանակը ցուրտ էր լինում` հոկեյ:
Ինչպիսի՜ այլընտրանքություն. բա որտեղի՞ց ձեզ սառույց:
Դույլերով ջուր էինք լցնում, սառչում էր:
Ինչպիսի՜ նախաձեռնողական բարեփոխչություն. համարյա այդպես էլ հիմա եք վարվում տնտեսությունում. բա «կանկա՞» որտեղից:
Ի գիտություն Ձեզ՝ ասեմ, որ մեր ընտանիքը բավականին ապահովված էր այն ժամանակ, եւ կարողանում էինք ձեռք բերել:
Ինչպես եւ հիմա եք բարեկեցիկ:
Այո, ինչպես հիմա:
Բախտավորն եք: Հավատո՞ւմ եք միստիկային, կարմային, Ձեր բարեկեցիկ ճակատագրին:
Երբ մարդուն հարցնում են` ինչո՞ւ ես դու բարեկեցիկ, ի՞նչ պետք է պատասխանի նա. սպասեք` մտածեմ։ Ահա` անարժան ձեւով բարեկեցի՞կ եմ։
Կարծում էիք՝ իմ հաջորդ հարցը դա՞ էր լինելու, բարեփոխչորեն առա՞ջ ընկաք:
Ոչ, ոչ, դա անհնար է, ես ի վիճակի չեմ կանխելու Ձեր հարցերը:
Մի հուսահատվեք, Ձեզ եմ հանձնում իմաստության ամենամեծ բանալին. «Երբ տկար եմ, այն ժամանակ ես ուժեղ եմ»։ Գիտեի՞ք:
Չէ՜:
Աստվածաշնչում է գրված, գուցե կարդայիք ու ինձ «կանխեի՞ք»:
Կա, էդ մի խնդիրը ունեմ, չեմ կարդում, հա: Ճիշտ է, լիքը ուրիշ բաներ եմ կարդում, բայց դա կա, համաձայն եմ` Աստվածաշունչը շատ իմաստուն գիրք է:
Ունայնություն ունայնությանց։ Շատ մի տխրեք:
Ի՞նչ եք առաջարկում, տկա՞ր լինեմ:
Այո, տկար եղեք` Աստծուն տեղ թողնելու համար, իրենով լցվելու համար:
Հոգեպե՞ս տկար լինեմ:
Այո, ասում է` երանի աղքատներին, նրանցն է երկնքի արքայությունը:
Նու, գիտե՞ք, ես կարծում եմ` էդտեղ էդպես միանշանակ չէ:
Աղքատությա՞ն, թե՞ ունայնության մասով: Կարող է՝ դրա համա՞ր է կառավարությունն այսպես մոտենում «աղքատության» խնդրին։
Օ՜ֆ… Դժվար է, ինչպես տեսնում եք` ես բավականին թույլ եմ այդ հարցերում, «քալ» եմ իրականում»:
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում