▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երուսաղեմում զինված անձինք հարձակվել են հայ համայնքի անդամների վրա

Թարմացված․ Երուսաղեմում հայկական թաղամասի վրա հարձակումից հետո 2 հայ երիտասարդ է ձերբակալվել: Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է «Նաիրի» Պետախ–Տիկվայի իսրայելահայերի միության նախագահ, «Իսրայելահայեր» պարբերականի հիմնադիր Արտյոմ Չերնամորյանը:

«Քիչ առաջ ստացված տեղեկատվության համաձայն` ոչ թե բերման են ենթարկվել, այլ ձերբակալվել են Պետիկ Կիրակոսյանն ու Փոլ Ճռնազյանը։

Հին քաղաքի ոստիկանությունը կարող էր դեպքի վայր հասնել առավելագույնը 2֊3 րոպեի ընթացքում, բայց ահազանգից հետո հայտնվել է միայն 20 րոպե անց։ 30 ահաբեկչից ձերբակալել են միայն 5 հոգու։ Սրանց հետևում կանգնած է Ջորջ Վառվառ անունով մի արաբ, ով Դանի Ռոյթմանի գործընկերն է։

Ոստիկանությունը փողոցում դիմակավոր մարդկանց առանց դատ ու դատաստանի տեղում գնդակահարում է, ու միայն հայերի վրա այս հարձակման ժամանակ է, որ այս պրովոկատոր ահաբեկիչները նույնիսկ չեն ձերբակալվում ու իրենց կողքը կանգնած ոստիկանին անտեսելով` քարեր են նետում հայերի ուղղությամբ, ու սա` այն դեպքում, որ տասնյակ հայեր այսօր Գազայի գոտում հատուկ ստորաբաժանումների կազմում պաշտպանում են Իսրայելի անդորրն, իսկ դեկտեմբերի 22֊ին հայկական արմատներ ունեցող ավագ սերժանտ Նիր֊Ռաֆայել Կանանյանն իր կյանքը զոհաբերեց։

Սա արդեն 2 նմանատիպ հարձակումն է մեր համայնքի վրա։ Դիմակավոր ու սևազգեստ այս ահաբեկիչների մեջ կային ինչպես արաբներ, այնպես էլ հրեաներ, ու ներքին անվտանգության նախարար Բեն Գվիռն ու ներքին գործերի նախարար Մոշե Արբելն անկասկած շահագրգիռ կողմ են որպեսզի հայերին հայրենազրկեն, ինչպես արեցին Արցախում իրենց բարեկամ ազիկների հետ միասին, ովքեր այսօր իրենց թուրք եղբայրների հետ մեկտեղ պաղեստինցիների «իրավունքներն» են պաշտպանում։

Իմիջիայլոց. շուտով կհրապարակեմ մի վերլուծություն Իսրայելի քրիստոնյա բնակչության թվաքանակի մասին։ Մեկնաբանությունները թողնում եմ Ձեզ»,- գրել է նա։

***

Այսօր դիմակավորված մի խումբ անձինք, թվով մոտ 30 հոգի, զինված փայտերով, արցունքաբեր նռնակներով ու այլ տեսակի միջոցներով հարձակում են գործել Երուսաղեմի հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» տարածքում գտնվող հայերի վրա՝ նրանց վնասելու, տարածքից դուրս հանելու և ահաբեկելու նպատակով: Ահաբեկիչները քարեր են սկսել շպրտել հայերի վրա:

Նշվում է, որ հարձակում գործած ութ հոգի բերման է ենթարկվել:

Բերման են ենթարկվել նաև երկու հայ։

Երուսաղեմի Սուրբ Յակոբեան միաբանությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«ՍՈՅՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈւԹԵՆԷՆ ԺԱՄԵՐ ԱՌԱՋ ՀԱՄԱԿԱՐԳՈւԱԾ ՖԻԶԻՔԱԿԱՆ ՅԱՐՁԱԿՈւՄ ԿԱՏԱՐՈւԱԾ Է ՍՐԲՈՑ ՅԱԿՈԲԵԱՆՑ ՄԻԱԲԱՆՈւԹԵԱՆ ԵՊԻՍԿՈՊՈՍՆԵՐՈւ, ՎԱՐԴԱՊԵՏՆԵՐՈւ, ՍԱՐԿԱՒԱԳՆԵՐՈւ, ԺԱՌԱՆԳԱՒՈՐ ՍԱՆԵՐՈւ ԵՒ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՆԴԱՄՆԵՐՈւ ՎՐԱՅ: ԾԱՆՐ ՎԻՐԱՒՈՐՈւԱԾ ԵՆ ՔԱՆԻ ՄԸ ՎԱՐԴԱՊԵՏՆԵՐ, ԺԱՌԱՆԳԱՒՈՐ ՍԱՆԵՐ ԵՒ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՆԴԱՄՆԵՐ:

Շուրջ 30 եւ աւելի զինուած սադրիչներ դիմակներով, մահաբեր եւ ոչ մահաբեր զենքերով, ինչպէս նաեւ նեարդային համակարգի վրայ ազդող նիւթերով ու կազերով ներխուժած են «Կովերու պարտէզ» եւ սկսած են իրենց դաժան յարձակումը: Դարձեալ կը շեշտենք, որ ծանր վիրաւորում ստացած են քանի մը Վարդապետներ, Ժառանգաւոր սաներ, սակաւագներ եւ Հայ համայնքի անդամներ: ԵՐՈւՍԱՂԷՄԻ ՄԷՋ ՀԱՅ ՀՈԳԵՒՈՐԱԿԱՆՆԵՐԸ ԿԸ ՊԱՅՔԱՐԻՆ ԻՐԵՆՑ ՎՐԱՅ ՅԱՐՁԱԿՈՂ ՍԱԴՐԻՉՆԵՐՈւ ԴԷՄ:

Ասիկա այն յանցաւոր պատասխանն է, որը մենք կը ստանանք Երուսաղէմի Շրջանային դատարան «Կովերու պարտէզ»-ի վերաբերեալ հայց ներկայացնելէ յետոյ, որը պաշտօնապէս դատարանը ստացած է 24 ժամ առաջ: Այսպիսին է աւստրալացի հրեայ գործարար Դանի Ռոթմանի (Ռուբինշթէյն) եւ Ճորճ Ուառվարի (Հադադ) արձագանգը իրաւկական գործընթացներուն:

Հայոց Պատրիարքարանի գոյութիւնը այժմ ֆիզիքական սպառնալիքի իրաղութեան առջեւ է: Եպիսկոպոսները, վարդապետները, սարկաւագները, Ժառանգաւոր սաները եւ Հայ Համայնքը տեղւոյն վրայ կը պայքարին իրենց կեանքի համար: Մենք կոչ կ'ընենք ամբողջ աշխարհի իշխանութիւններուն եւ միջազգային լրատուամիջոցներուն օգնել՝ փրկելու Հայկական թաղամասը բռնի կործանումէ, որը տեղական աջակցութիւն կը ստանայ անանուն կազմակերպութիւններու կողմէ:

Մենք կոչ կ'ընենք Իսրայէլի կառավարութեան եւ ոստիկանութեան հետաքննութիւն սկսիլ Դանի Ռոթմանի (Ռուբինշթէյն) եւ Ճորճ Ուառվարի (Հադադ) դէմ՝ Հայոց Պատրիարքարանի եւ Հայ համայնքի վրայ անոնց շարունակական յանցաւոր յարձակումներ կազմակերպելու համար, յարձակումներ՝ որոնք կարծէք վերջ չունին:

Իսրայէլը օրէնքի, կարգ ու կանոնի երկիր է, եւ այսօրինակ յանցաւոր պահուածքը անհանդուրժելի է եւ չի կրնար մնալ անպատիժ:
ԴԻՒԱՆ Ս. ԱԹՈՌՈՅ»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին