▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երկիրը կգլորվի դեպի քաղաքական մենաշնորհ ու լճացում. Քոչարյանը դեմ է նոր Սահմանադրությանը

 2rd.am-ը գրում է. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը  հայտարարել է, որ սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտություն չի տեսնում.

Պարոն նախագահ, կուզենայինք իմանալ Ձեր վերաբերմունքը սահմանադրական փոփոխությունների նախագծին: Նախկինում Դուք արդեն արտահայտել եք Ձեր կարծիքը այս առիթով, սակայն այժմ հրապարակված և Ազգային Ժողովի կողմից ընդունված է Հիմնական Օրենքի նորացված ամբողջական ու վերջնական տեքստը: Ինչպե՞ս եք Դուք այն գնահատում: Եվ ի՞նչ կտա առաջարկվող փոփոխությունը մեր երկրին:

«Իմ տեսակետը չի փոխվել. սահմանադրական փոփոխությունների որևէ անհրաժեշտություն չկա: Այն էլ այսպիսի՝ արմատական բնույթի: Երկրի առջև ծառացած բոլոր խնդիրներն ու մարտահրավերները լիովին լուծելի են գործող սահմանադրության շրջանակներում, որի ֆունկցիոնալությունը որևէ մեկը կասկածի տակ չի առնում: Հրապարակված նախագիծը գերազանցեց իմ վատագույն սպասումները: Խոսքն արդեն պետության կառավարման կիսանախագահական և խորհրդարանական ձևերի միջև ընտրության մասին չէ: Սահմանադրության նախագիծը իր մեջ էական ռիսկեր է պարունակում, որ երկիրը կգլորվի դեպի դե ֆակտո միակուսակցական համակարգ, այսինքն և դեպի քաղաքական մենաշնորհ ու լճացում:

Սովետական սահմանադրությունը լեցուն էր գեղեցիկ բառերով, սակայն ԽՄԿԿ ղեկավարող և ուղղորդող դերի մասին 6-րդ հոդվածը օրինականացնում էր կոմունիստների քաղաքական մենաշնորհը: Թե արդյունքում ինչ եղավ ԽՍՀՄ-ի հետ, հայտնի է բոլորին: Սահմանադրության նախագծի հագեցվածությունը մարդու իրավունքների և պետության սոցիալական նպատակների մասին ընդհանրական գեղեցիկ բառակապակցություններով կարծես նպատակ ունի քողարկել Ազգային ժողովի կազմավորման բացարձակապես անընդունելի ձևը, որը բովանդակազրկում է խորհրդարանական կառավարման բուն էությունը:

Նախագծի 89-րդ հոդվածը կոչված է ապահովել մեկ կուսակցության գերակայությունը խորհրդարանում, այն է՝ իշխանության մեջ: Մեր իրողություններում, անկախ իր վայելած ժողովրդականությունից, դա կլինի այն կուսակցությունը, որ տիրապետում է ադմինիստրատիվ և ֆինանսական ռեսուրսների: Իսկ հաշվի առնելով Հայաստանում ներկուսակցական ժողովրդավարության անգամ նշույլի բացակայությունը, հովանավորչական կառավարումը կդառնա անխուսափելի ու հարատև չարիք, լճացման աղբյուր և արատավոր համակարգի վերարտադրման գործիք: Փաստորեն, առաջարկված նախագիծը քաղաքական մենաշնորը դարձնում է սահմանադրական նորմ:

Ես այդպիսի ապագա իմ երկրին չեմ ցանկանում, դրա համար էլ միանշանակ դեմ եմ արտահայտվում այս փոփոխություններին: Կատարվում է մի մեծ սխալ, որի հետևանքները ծայրահեղ վտանգավոր են Հայաստանի ապագայի համար»,-ասել է Ռոբերտ Քոչարյանը:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին