Մարտա Կիրակոսյանին հանդիսատեսը ճանաչում է մանկուց, նա այն երեխաներից էր, ում մասին կարելի էր ասել, որ մեծանում է հանդիսատեսի աչքի առաջ:
Եվ երբ թվում էր, որ երաժշտության մեջ դեռ շատ նվաճումներ է ունենալու, Մարտան սկսեց լռել:
ASEKOSE.am-ի թղթակիցը փորձել է պարզել` որտե՞ղ էր Մարտան , ինչու՞ էր լռում, և ո՞ր առաջարկի շնորհիվ է կրկին վերադարձել:
Փոքրուց հանդես էիր գալիս «Արևիկ» մանկական անսամբլում, հետագայում նաև «Դո -Ռե -Մի» ստուդիայում: Ինչպե ՞ս է սկսվել դեպի երաժշտություն տանող ճանապարհը:
- Սկսել եմ երգել 4 տարեկանից. մայրիկս ինձ տարավ «Արևիկ» անսամբլ, որտեղ ինձ լսեցին և ասացին, որ շատ լավ տվյալներ ունեմ, բայց չեն կարող ինձ ընդունել, քանի որ իրենց մոտ ընդունելությունը 6 տարեկանից է: Սակայն, մի քանի օր անց, զանգահարեցին և հայտնեցին, որ բացառության կարգով ինձ կընդունեն, չնայած ոչ մի ծանոթ չենք խառնել (ծիծաղում է): Իսկ արդեն 6 տարեկանում սկսեցի հաճախել «Դո-ռե-մի»: Ի դեպ, ինձ այդտեղ ուղղորդեց Ռադիկ Գաբրիելյանը, ով շատ մեծ դեր է ունեցել իմ երգարվեստում: Նա ինձ սովորեցրեց Տաթևիկ Հովհաննիսյանի և Արթուր Գրիգորյանի «Ձյուն» երգը. հենց այդ երգով ընդունվեցի «Դո-ռե-մի» ու մասնակցեցի համանուն մրցույթին: Հետագայում` Նադեժդա Սարգսյանի ղեկավարությամբ մասնակցել եմ բազմաթիվ միջազգային մրցույթների:
«Հայեր» համույթի ամենակրտսեր անդամն էիր, ինչպե ՞ս էին քեզ ընդգրկել այդ խմբում:
- Մինչև այդ Նադեժդա Սարգսյանի հետ վարել եմ «Դո-ռե-մի»-ն, որից հետո նոր ընդգրկվել եմ «Հայեր» համույթ:
Հարկ է նշել, որ հետագայում «Հայեր» համույթի աղջիկների և Նադեժդա Սարգսյանի ջրերը մեկ առվով չհոսեցին: Իսկ դու ի՞նչ հիշողություններ ունես այդ տարիներից և ներկայումս ինչպիսի՞ հարաբերություններ ունես Նադեժդա Սարգսյանի հետ:
- Ես առաջինն եմ հեռացել խմբից, այդ ժամանակ աղջիկները դեռ խմբում էին: Ինչ վերաբերվում է իմ և Նադեժդա Սարգսյանի հարաբերություններին, պետք է ասեմ, որ միշտ շատ շնորհակալ և երախտապարտ եմ նրան իմ առաջին հաջողությունների համար: Եվ հարկ եմ համարում նշել, որ Նադյան եղել է ոչ միայն լավ ուսուցիչ, այլև շատ լավ ընկեր. շատ սիրում ու հարգում եմ նրան:
Երգի պետական թատրոնի 5-րդ սերնդի ներկայացուցիչ ես, ի՞նչ է տվել քեզ Արթուր Գրիգորիչի դպրոցը, ի՞նչ խորհուրդներ ես ստացել հայկական շոու-բիզնեսի կնքահորից:
- Երգի պետական թատրոն ընդունվել եմ 10 տարեկանում: Թատրոնի մեծ սերնդի հետ «Սերունդներ» ներկայացումով մեկնել եմ ԱՄՆ, որից հետո ինձ մոտ սկսվեց անցումային շրջան, այդ ժամանակ չէր կարելի երգել: Դադրեցրեցի երգելս` հետագայում կրկին վերադառնալու նպատակով: Վերադարձա արդեն հասուն տարիքում և Արթուր Գրիգորյանի օգնությամբ սկսեցի ավելի լուրջ ու պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերել կարիերայիս: Նա ինձ սովորեցրել է պրոֆեսիոնալ մոտեցում դրսևորել դեպի բեմն ու երգարվեստը առհասարակ: Արթուր Գրիգորիչն ինձ շատ է օգնել, որպեսզի ես հասկանամ` ինչ եմ ուզում: Նրա շնորհիվ ես միշտ պահպանել եմ իմ անհատականությունը, սկզբունքները և ոճը. պարտական և շնորհակալ եմ նրան:
Սակայն խորհուդներ ստանալուց բացի Երգի պետական թատրոնում հանդիպել էիր երգիչ Արամ Մուսայելյանին, ի՞նչ կասես ձեր հարաբերությունների մասին:
Արամի հետ ծանոթ ենք եղել դեռ վաղ հասակից: Երկուսս էլ երգում էինք «Դո-ռե-մի»-ում: Ինչ վերաբերվում է իմ և Արամի հարաբերություններին` չեմ սիրում անձնականը մասսայականացնել:
Թվում է, թե երբեք չես հեռացել երաժշտությունից, սակայն լռությունդ ակնհայտ էր: Այն պատճառ ունե՞ր:
- Լռությունս կապված էր նրա հետ, որ չկար ոչ մի նախագիծ կամ առաջարկ, որն իմ մեջ մասնակցելու ցանկություն կառաջացներ:
Մեկ անգամ ասել ես, որ քեզ հետագայում պատկերացնում ես ջազ և սոուլ երգերի կատարող, ինչպե՞ս նաև նշել ես, որ Հայաստանում կա մարդկանց խումբ, որը լսում է այդ տեսակ երաժշտություն: Ըստ քեզ կկարողանա՞ս մասսայականություն ստանալ այդ ոճերում հանդես գալով:
- Ես դեռ դպրոցից երգել եմ ջազ և սուլ ոճերում, չնայած` ինձ հաճելի է երգել ցանկացած ոճում, բացի 6/8-ից: Դա չի նշանակում, որ չեմ ընդունում կամ չեմ պարում հավքույթներին այդ երաժշտության ներքո, պարզապես, ինչ վերաբերվում է երգելուն, իմ ոճը չէ: Ես միայն կարող եմ ասել, որ իմ ոճը երբեք չեմ կորցնի և ինչպես եղել եմ հավատարիմ, մինչև վերջ էլ կլինեմ: Ես գիտեմ, որ Հայաստանում հաստատ կա մի խումբ, ով լսում և գնահատում է այն երաժշտությունը, որը ես զգում եմ, երգում և կերգեմ: Իսկ ամենակարևորը, ես նախ երգում եմ ինքս ինձ համար և հաճույք եմ ստանում իմ սիրած երաժշտությունը կատարելուց:
Ընդամենը օրեր առաջ տեղի ունեցավ «Սիրո կամուրջ» մյուզիքլի պրեմիերան, առաջարկն ընդունելիս չէիր վախենու՞մ, չէ՞ որ այստեղ պետք է գործի դնես ինչպես երաժշտական, այնպես էլ դերասանական վարպետությունը:
- Սիրո կամուրջ մյուզիքլն ինձ համար կարելի է ասել եղավ, ինչ որ չափով, վերածնունդ… Ես սպասում էի այնպիսի առաջարկի, որտեղ կկարողանամ հանդիսատեսին բազմակողմանի ներկայանալ: Մյուզիքլում ոչ միայն երգել եմ, այլ նաև պարել և հնարավորություն ունեցել դրսևորելու դերասանական ունակություններս:
Պրեմիերայից հետո ի՞նչ զգացողություններ ես ունեցել, արդյոք մյուզիքլ ասվածը խորթ չէ մեր հանդիսատեսին:
- Պրեմիերայից հետո, երբ վարագույրները փակվեցին, չեմ կարող բացատրել ինչ եմ ապրել և ինչ զգացողություններ կային իմ մեջ: Հասկացա, թե որքան էի կարոտել բեմը և հանդիսատեսին: Իհարկե, դեռ շատ աշխատանք պետք է տանեմ ավելի պրոֆեսիոնալ դառնալու համար, բայց ես շատ գոհ էի և շատ բավարարված այն աշխատանքից, որն արեցի երկար դադարից հետո: Իսկ իմ լավ զգացողությունները նաև հանդիսատեսի ջերմ վերաբերմունքի արդյունք էր: Կարծում եմ`«Արթ Թիմ» և «Շարմ հոլդինգ» ընկերությունների նախաձեռնությամբ ստեղծված այս մյուզիքլը հաջողված է, և այդ հաջողությունը շարունակական կլինի` Վահան Բադալյանի և այն մեծ թիմի գլխավորությամբ, ովքեր աշխատում են մեզ հետ: Նաև չեմ կարող չնշել բոլոր այն դերասան-պարողներին ու դերասան-երգիչներին, ովքեր իրենց մեծ դերն ունեն մյուզիքլում:
Լուսանկարը` «Շարմ հոլդինգի»
Հեղինակ` Անահիտ Հարությունյան