Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է դերասան, հումորիստ Արթուր Հակոբյանը:
-Երկար ժամանակ է՝ հեռուստաէկրաններին Ձեզ չենք տեսնում, ինչո՞վ եք զբաղված:
-Հիմա հումորային համերգային ծրագրով եմ զբաղված՝ «Մի բուռ ժպիտ ու բարություն» խորագրով, որն իրականացնում ենք Մարգարիտա Խաչատրյանի և երգիչներ Արման և Յանա ամուսինների հետ: Այս ծրագրով մենք հանդես ենք գալիս ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի տարբեր մարզերում:
-Կարծես, ոչ մի գովազդային հոլովակ չկա, որոնցից մարդիկ կտեղեկանան Ձեր այս ծրագրի մասին:
-Այո, ընդհանրապես չենք գովազդում, քանի որ ես եմ այդպես ուզում: Ես հանդիսատեսի խնդիր չունեմ, մեր դահլիճը համարյա միշտ լիքն է լինում: Ոչինչ չեմ ուզում, ոչ երկրից, ոչ էլ որևէ մեկից, ուզում եմ միայն հանգիստ ապրել: Ես գերադասում եմ իմ գործը լուռ անել:
-Դուք մշտապես աշխատում եք, բայց համեստորեն միշտ լուռ եք: Ինչո՞վ է պայմանավորված Ձեր նման աշխատաոճը:
-Մարդը, ծնվում է, բնավորությունն էլ իր հետ է ծնվում: Ես չեմ խաղում : Ոչ էլ սիրում եմ իմ մասին խոսել:
-Առաջ Դուք հեռուստաէկրանների ամենահայտնի դեմքերից էիք, հիմա կարծես թե, հեռուստադիտողը Ձեզ չի տեսնում, ինչո՞ւ:
-Այս հարցը ինձ չէ, որ պետք է տրվի: Ես բնավորությամբ այնպիսին եմ, որ երբեք որևէ մեկին չեմ խնդրի, որ ինձ ինչ-որ տեղ հրավիրեն նկարահանվելու, ոչ մի անգամ չի եղել, որ ես «օճառն» առնեմ և վազեմ մի տեղ: Ես 15 տարի էկրաններին եմ եղել, 20 տարեկան չեմ, շատ ուրախանամ, որ ինձ նկարեն: Վերջերս առաջարկ եմ ստացել ֆիլմում նկարահանվելու, հուսամ, որ շուտով կսկսվեն աշխատանքները:
-Այսօր տպավորություն է, որ դերասանները «սեզոնային» են դարձել, նրանք որոշ ժամանակ էկրաններին են, ընդ որում միևնույն դերասանը բոլոր հեռուստաալիքներում է հանդես գալիս, հետո անմիջապես անհայտանում են: Դա ինչի՞ հետևանք է ըստ Ձեզ:
-Ես այդ հարցում մեղավորներ չեմ ուզում գտնել: Կարծում եմ, դա հեռուստաընկերությունների հետ է կապված: Ես այն կարծիքին եմ, որ պետք է հեռուստադիտողին չձանձրացնես և թողես, որպեսզի քեզ կարոտեն, ինչքան էլ որ տաղանդավոր լինես: Այսօր գլխավորն այն է, որ ամեն մեկը իր գործով պետք է զբաղվի, ուրիշի գործը չանի:
-Նկատի ունեք, որ այսօր դերասանությամբ են զբաղվում «չդերասաննե՞րը»:
-Կա նման բան: Ես հեծանիվ չեմ մոգոնում դա ասելով, դա բոլորն են տեսնում, ու թե ինչքանով է դա լավ կամ վատ, հանդիսատեսը պարզ հասկանում է :
-Կինոարտադրողներից շատերը նման միտումը մեկնաբանում են՝ ասելով, թե նման կերպով գումար է խնայվում, քանի որ դերասանները ավելի շատ են գումար պահանջում:
-Այո, այդպես գումար խնայվում է, որովհետև պրոֆեսիոնալ մարդը ուրիշ գումար կպահանջի: Կարծում եմ, որ կա նման բան: Մարդն իր էությամբ այդպիսին է, միշտ ցանկանում է, որ իր վրա ուշադրություն դարձնեն, այլապես ինչու է պճնվում, կոկիկ հագնվում, նորաձևության հետևից ընկնում, ու դրա հետ մեկտեղ նրան ասա, որ քեզ պետք է հեռուստացույցով ցույց տան…վայ դերասանը չի էլ հասկանա, ինչ է անում, արդեն տարվում է ճանաչման մոլուցքով, ճանաչումը մեծ պատասխանատվություն է, պարոնայք: Այսօր պապարացիներ են մոդա ընկել, մտածում են, թե որտեղ քեզ բռնացնեն, որ նկարեն տեղադրեն համացանցում և դիտում ձեռք բերեն: Զզվելի է: Ես ոչ մեկին այսքան ժամանակ չեմ փնովել կամ վիրավորել, ես միայն միշտ ասել եմ՝ «Ինչի՞ ես եկել իմ գործը անում դու»: Դերասանի մասնագիտությունը Աստծո տրված պարգև է, ամեն մեկը չի կարող անել:
-Հայկական հեռուստասերիալներ դիտո՞ւմ եք:
-Ես սերիալներ չեմ դիտում, ոչ թե որովհետև ես չեմ նկարվում, «Վերվարածները» 720 սերիա է նկարվել, բայց ես դիտել եմ հազիվ 15-ը, այսինքն, եթե իմ արածը չեմ դիտել, բնականաբար, ուրիշներինը չեմ դիտի:
Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում