news.am-ը գրում է. Հասարակական կազմակերպությունների մասին եւ կից օրենքների» նախագծերի փաթեթը քննարկելու փոխարեն ՀՀԿ-ական պատգամավորները հանկարծ սկսեցին խոսել Հայաստանում գեյ-շքերթների անթույլատրելիության մասին:
Մասնավորապես, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը հորդորեց եվրոպական մոդելներն իդեալ չսարքել, հակառակ դեպքում Երեւանում կսկսեն գեյ- շքերթներ անցկացնել:
«Դա մեզ չի սպառնում, համոզված եմ՝ այս դահլիճում չկան մարդիկ, որոնք ողջունում են տարբեր, զանազան գունավոր շքերթների անցկացումը Հայաստանում»,- արձագանքեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ինչին Բաբուխանյանը պատասխանեց. «Չեք կարող ասել, Ձեր լավատեսությունը չեմ կիսում»:
Ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող անձանց մասին շտապեց իր կարծիքը հայտնել նաեւ ՀՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Լեւոն Մարտիրոսյանը. «Անեկդոտ հիշեցի, Երեւանում որոշվել է գեյ-պարադ անցկացնել, սակայն ժամանակի խնայողության համար որոշում են կայացրել այն անցկացնել տրավմատոլոգիայի բաժանմունքի մոտ, որ մասնակիցներին արագ տեղափոխեն բժիշկների մոտ»:
ՀՀԿ-ական պատգամավորների այս քննարկումը կարծես տարակուսանքի մեջ գցեց նախագծի հիմնական զեկուցող, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին:
«Չէի ակնկալում, որ այս օրենքի նախագծի քննարկումը կարող է վերածել տարբեր տեսակի փոքրամասնությունների ողջունման կամ ժխտման վայրի»,- նշեց նա:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում