▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևի կարողացել եմ իրականացնել նրանց մանկության հեքիաթը. Սոնա Տոնոյանի տարեմուտի նվերը

Օրեր առաջ երևանյան սրճարաններից մեկում տեղի է ունեցել մասնագիտությամբ միջազգայնագետ Սոնա Տոնոյանի ձեռագործ իրերի ցուցահանդես-վաճառքը: Տարեմուտին անցկացված ցուցահանդեսը «ՍոնԱնի» անվանումն էր կրում (Սոնայի և նրա քրոջ Անիի անունների հապավումն է) և, ինչպես  սպասելի էր, ամանորյա թեմատիկայով էր:

«Ներկայացված էին դեկորատիվ տոնածառեր, խաղալիքներ, կախազարդեր, շրջանակներ, սակայն դրանց բոլորի հիմքում կային թեմատիկորեն ընտրված հրեշտակներ: Ընդհանուր առմամբ, ցուցահանդես-վաճառքին մասնակցել է մոտ 140 մարդ»,-Asekose.am-ի թղթակցի  հետ զրույցում ասաց Սոնա Տոնոյանը:

Սոնայի խոսքով` ցուցահանդես-վաճառքը մեկնարկել է իրենց կողմից պատրաստված տեսահոլովակի պրեմիերայով.

«Աշխատանքներիս նվիրված տեսահոլովակը նկարահանել ենք շատ կարճ ժամանակահատվածում: Տեսահոլովակի հիմքում իմ և փոքրիկ երեխայի մասին պատմող հեքիաթային պատմություն է, որում ներկայացաված է, թե ինչպես  եմ ստեղծում խաղալիքները, հրեշտակներին, իսկ երեխան էլ դրանք հայտնաբերում է նկուղում, ապա` դրանցով  զարդարում տունը»:

Տվյալ ցուցահանդես-վաճառքը Սոնա Տոնոյանի կյանքում առաջինը չէ. նախկինում նա ներկայացրել էր կանանց և աղջիկների համար նախատեսված աքսեսուարներ, սակայն այս անգամ ցուցահանդեսում ավելի շատ աշխատանքներ են ընգրկվել:

«Մոտ երեք-չորս ամիս տևել են նախապատրաստական աշխատանքները: Հավաքածուն ստեղծելու համար գրեթե ամեն օր աշխատել եմ»,-նշեց Սոնան:

Վերջինիս խոսքով, թեև ցուցահանդեսի ժամանակ ներկայացված իրերը նաև վաճառվել են, սակայն գոյացած գումարի մասին դեռ վաղ է խոսել, քանի որ նախքան Ամանորը դրանք մի քանի անգամ դեռ ցուցադրվելու են.

«Արդյունքներն այնպիսինն էին, ինչպիսին ես ակնկալում էի: Առաջին հերթին ցանկանում էի գեղեցիկ երեկո կազմակերպել, ինչը, կարծում եմ, որ ստացվել է: Ի դեպ` շատ լավ արձագանքներ եմ ստացել, նույնիսկ մինչ օրս դեռ չեմ հասցրել բոլոր նամակներին պատասխանել: Կան մարդիկ, ովքեր չէին հասցրել ներկա գտնվել ցուցահանդեսին և հետաքրքրվում են, թե երբ է լինելու շարունակությունը»:

Տեղեկացնենք, որ «ՍոնԱնի» ցուցահանդես-վաճառքում ներկայացված իրերի արժեքը 4000-20. 000 դրամի սահմաններում են տատանվում և ըստ Սոնայի` դրանք չունեն տարիքային սահմանափակում.

«Ցուցահանդեսի ընթացքում տարբեր տարիքի մարդիկ հետաքրքրվում էին աշխատանքներովս: Երևի կարողացել եմ իրականացնել նրանց մանկության հեքիաթը»:

 Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին