▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երևանյան սրճարանից, Սալմոնելայի դեպքով, արդեն մի խումբ մարդիկ են հիվանդանոց ընկել»

Թարմացված․ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը փետրվարի 8-ին Առողջապահության նախարաություն հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն ՊՈԱԿ-ից հաղորդագրություն է ստացել այն մասին, որ, սուր աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ, «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ են տեղափոխվել երկու անձ: Վերջիններս նախորդ օրը «Մինթ» ՍՊԸ-ին պատկանող «Ջուլիս» հանրային սննդի օբյեկտում (Երևան, Պուշկինի 39) կերել են սաղմոնով վաֆլի և սաղմոնով սպագետտի: Հաջորդող մի քանի օրերին բժշկի դիմել է նշված հանրային սննդի կետում սնված ևս 10 անձ, որոնցից 9-ը հոսպիտալացվել են: 12 հիվանդներից 9-ի մոտ հայտնաբերվել է սալմոնելլա:

Նույն օրը՝ փետրվարի 8-ին, բացված ստուգման հրամանի հիման վրա՝ ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները, վերահսկողական միջոցառումների շրջանակում, նմուշներ են վերցրել հանրային սննդի կետում առկա սաղմոն ձկից, ձվով սոուսից ու ձվից և ներկայացրել լաբորատոր փորձաքննության:

Արդյունքում պարզվել է, որ «Մարինացված սաղմոն ձուկը»՝ ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) և ախտածին ա/թ սալմոնելաներ, իսկ «Սոուս Հովանդեզը» ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ), ԱՑԽՄ և Proteus ցեղի մանրէներ ցուցանիշներով չեն համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին:

ՀՎԿԱԿ-ի կողմից «Ջուլիս» ռեստորանի աշխատակիցներից վերցված քսուքների մանրէակրության վերաբերյալ հետազոտության արդյունքերով աշխատակիցներից երեքի մոտ (խոհարար, մատուցող, սպասք լվացող) հայտնաբերվել է Սալմոնելլա` Salmonella enteriditis, իսկ մեկի մոտ՝ սալմոնելլա խմբի մանրեների ԴՆԹ:

Շրջակա միջավայր մակերեսներից վերցված 30 լվացուկի մանրէաբանական հետազոտությամբ դրանցից 5-ում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ):

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «Ջուլիս» հանրային սննդի կետի գործունեությունը կասեցվում է:

Տեղեկանք. Համաձայն «Սննդամթերքի անվտանգության վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի՝ «Արտադրության կամ վերամշակման փուլերում վտանգավոր սննդամթերքի թողարկում հայտնաբերելու դեպքում տնտեսավարող սուբյեկտի գործունեությունը կամ այդ գործունեության առանձին գործառույթները կասեցվում են խախտումը հայտնաբերած տեսուչի եզրակացության և լաբորատոր հետազոտության արդյունքների հիման վրա»:

***

Ֆեյսբուքյան օգտատերերն ահազանգում են, որ սուր աղիքային հիվանդությամբ  են վարակվել երևանյան սրճարաններից մեկում

Անուշ Բիչախչյանը գրում է․ «Լավ, էս երկրում մի օր մի բան նորմալ կաշխատի՞, թե՞` չէ։ Անիծված Juli's սրճարանը, որտեղից ես, ընկերներս, ու ևս մի տասնըքանի հոգի վարակվել են սալմոնելա, փաստացի, փետրվարի 6-ից վարակի բուն ա (ես եղել եմ այնտեղ ամսի 7-ին), ու մինչ օրս շվշվացնելով աշխատում են։ Լավ, իրենք կստանա՞ն իրենց պատիժը, բա էտ ինֆեկցիոն недоկառույցը, որ կիսամեռած ինձ հարցեր էր տալիս "որտե՞ղ եք եղել," "ի՞նչ եք կերել," ի՞նչ եղավ։ Ջրի՞ն պատմեցին, անցավ գնա՞ց։ ՀՀ առողջապահության նախարարություն դուք կա՞ք առհասարակ, թե՞ բուտաֆորիա եք։ Ինչի՞ ոչ մի օֆիցիալ հայտարարություն չկա, թե՞ 15 հոգին քիչա։ Բոլոր մեղավորներին ցանկանում եմ անցնեն էն դժոխքի միջով՝ ինչ ես արդեն 6-րդ օրնա»։

Գոհար Սարգսյանն էլ ավելացրել է․ «Իմ ընկերները 8 հոգով նույն վիճակում են, նույն վայրում չորեքշաբթի վարակվել են, բայց դիմել են տարբեր կառույցների, ոչմի արձագանք»։

Մարինե Մանուչարյանն էլ գրել է․ «Juli's-ից զգույշ եղեք: Սալմոնելայի դեպքով արդեն մի խումբ մարդիկ են հիվանդանոց ընկել: Պատկան մարմիններն էլ ոչինչ չեն անում, իսկ կաֆեն անհոգ շարունակում է աշխատել»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին