▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում բռնության հերթական դեպքն է տեղի ունեցել շտապօգնության բժշկի նկատմամբ․ նա բուժօգնություն է ստանում

Թարմացված․ Շտապօգնության բժշկին ծեծի ենթարկած եղբայրները ձերբակալվել են: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Հունվարի 13-ին, ժամը 9։40-ին, ՆԳՆ ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ 16 թաղամասի շենքերից մեկի բնակարանում վիճաբանության ձայներ են, հարձակվել են շտապօգնության բժշկի վրա։ 

10։35-ին հաղորդում է ստացվել նաև «Արմենիա» բժշկական կենտրոնից։ Ոստիկանությանը հայտնել են, որ իրենց մոտ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել շտապօգնության ենթակայանի բժիշկներից մեկը։

Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների անհետաձգելի միջոցառումներով պարզվել է, որ նույն օրը շտապօգնության խումբը կանչով մեկնել է Նորաշեն թաղամասի շենքերից մեկի բնակարան, որտեղ տվյալ հասցեի բնակիչները դեղորայքի ներարկման հետ կապված վիճաբանել են բժշկի հետ, ինչի ընթացքում հարվածներ են հասցրել նրան՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

23 և 24-ամյա եղբայրները մարմնական վնասվածքներ պատճառելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել են ու ներկայացվել նախաքննական մարմնին։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Թարմացված․ Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ծեծի է ենթարկվել Երևանի քաղաքապետարանի «Շտապօգնություն» ՓԲԸ բժիշկը։

Մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի 41-ամյա բնակիչ Ա.Ա-ն տարեսկզբից մինչ օրս 30 կանչ է իրականացրել շտապօգնության 1-03 համարին։
Այսօր առավոտյան մեքենան եղել է կանչով նշված հասցեում: Պացիենտը բժշկից պահանջել է ներարկել «Տրամադոլ» դեղամիջոց, բժիշկը հորդորել է ապավինել իր որոշմանը՝ նշելով, որ այլ դեղամիջոցով նույնպես կարելի է ցավազրկել։
Այնուհետ հիվանդը սկսել է ագրեսիվ պահվածք դրսևորել, հնչեցնել վիրավորական արտահայտություններ՝ նշելով, որ կա՛մ պետք է իր ուզած դեղը ներարկեն, կա՛մ հեռանան, որ այլ կանչով իրեն ներարկվի նախընտրած դեղամիջոցը։
Բժշկի հասցեին հնչել են հայհոյանքներ, որից հետո վերջինիս 3 անձինք ծեծի են ենթարկել։
Ավելի ուշ բուժօգնության դիմած բժշկի մոտ ախտորոշվել է ուղեղի ցնցում, քթի սալջարդ, դեմքի շրջանում քերծվածքներ»։

***

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է․

Երևանում բռնության հերթական դեպքն է տեղի ունեցել շտապօգնության բժշկի նկատմամբ, ով այդ պահին իր մասնագիտական պարտքն էր կատարում։

Բժիշկն այս պահին բուժօգնություն է ստանում։

Խստորեն դատապարտում եմ տեղի ունեցածը և ակնկալում իրավաչափ գնահատական։

Բուժաշխատողների, ինչպես նաև բուժհաստատություններում մեր պացիենտների անվտանգությունն ապահովող աշխատակիցների հանդեպ ուժի, բռնության դրսևորումներն իրավահարգության կոպիտ խախտում են։

Այս խնդիրների հանդեպ մեր մոտեցումը լինելու է անհանդուրժող և հետևողական։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին