Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերին սպառնացել է Եվրոպան հեղեղել փախստականներով` նրանց համար ուղղակի բացելով իր երկրի սահմանները, եթե Եվրամիությունը չցանկանա փոխել Անկարայի հետ գործարքի պայմանները:
Այդ մասին հայտնում է Der Spiegel-ը` վկայակոչելով Անթալիայում բանակցությունների արձանագրությունը:
Երբ Էրդողանը հարցրել է, թե որքան է լինելու գործարքի գումարը, Յունկերը պատասխանել է, որ ԵՄ-ի պլանի համաձայն, Անկարան երկու տարվա ընթացքում երեք մլրդ եվրո կստանա: Սակայն Թուրքիայի նախագահը պահանջել է վճարումը մեծացնել մինչեւ տարեկան երեք մլրդ եւ ընդգծել է, որ գործարքով հետաքրքրված է հենց Եվրամիությունը, ոչ թե Անկարան: Ինչպես նշել է Էրդողանը, իր երկիրը հեշտորեն կարող է իր համար լուծել ներգաղթյալների խնդիրը եւ այն դնել եվրոպացիների ուսերին` բացելով սահմանները եւ «փախստականներով ավտոբուսներն ուղարկելով ուղիղ դեպի Հունաստանի եւ Բուլղարիայի դռները», տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:
Էրդողանը հստակորեն հասկացնել է տվել, որ Եվրոպային մեծ խնդիրներ են սպասում, եթե վերջինս չհամաձայնի իր պայմաններին եւ վստահություն է հայտնել, որ Բրյուսելը չի կարողանա ինքնուրույն հաղթահարել ճգնաժամը, գրում է պարբերականը: «ԵՄ-ն ինչպե՞ս է վարվելու փախստականների հետ, եթե գործարքը չկայանա: Սպանելո՞ւ է նրանց» — ասել է նա: Թուրքիայի նախագահը նաեւ նշել է, որ ԵՄ-ի ղեկավարները հավանաբար վատ են պատկերացնում մոտեցող աղետի ծավալները. «Թուրքիայի ափերին մեռած մի տղայի մասին չի լինի խոսքը, նրանց թիվը տասը, տասնհինգ հազար կլինի: Ինչպե՞ս եք մտադիր հաղթահարել դա»:
Փաստաթղթից ակնհայտ է, թե Էրդողանն ինչ աստիճանի է զգում իր իշխանությունը Բրյուսելի նկատմամբ, ընդգծում է Spiegel-ը: Այս պահին Թուրքիան այն պատնեշն է, որի մոտ «նստում է» ներգաղթյալների տպավորիչ մասը եւ գործարքի քննարկման ընթացքում երկրի նախագահը լիովին կարող է պարտադրել իր պայմանները, որոնք շուտով կթունավորեն եվրոպացիների կյանքը, եզրափակում է պարբերականը: