▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ լիդերները «կորցնում են ղեկը»

Ապրիլի 9-ին տեղի ունեցած միջադեպերը մեկ անգամ ևս ցույց տվեցին, թե ինչ կարող է լինել, երբ ժողովրդի մեջ տարիներ շարունակ բացասական լիցքեր են «ամբարվում», իսկ նրանց առաջնորդող քաղաքական գործիչները «կորցնում են ղեկը»:
Երեկ տեղի ունեցած հիմնական իրադարձությունները վերլուծության ենթարկելու համար մի փոքր պետք է հետ գնալ՝ հասկանալու, թե ինչպե՞ս և ինչո՞ւ հանրահավաքի մասնակիցները ուղղություն վերցրեցին Բաղրամյան փողոց: Դա առաջի հերթին անհասկանալի էր այն առումով, որ Րաֆֆի Հովհաննիսյանը նման սցենար չէր ծրագրել, իսկ երեկոյան Ազատության հրապարակում ունեցած իր ելույթը եզրափակեց ապրիլի 12-ին տեղի ունենալիք հանրահավաքի իրազեկմամբ:
Սակայն հանրահավաքի մասնակիցները, կարծես թե, այլ ծրագրեր ունեին, ինչի մասին, մինչև հանրահավաքը կարելի էր համոզվել դրա մասնակիցների՝ մինչև Րաֆֆի Հովհաննիսյանի ժամանումը տեղի ունեցած քննարկումներից:
Երբ Րաֆֆի Հովհաննիսյանն իր ելույթը փորձեց եզրափակել ու տուն ճանապարհել հանահահավաքի մասնակիցներին, առաջին անգամ սուլոցներ լսվեցին, հանրահավաքի մասնակցիներից մի մասը «հիմա, հիմա» վանկարկեց: Դա կրկնվեց առնվազն 3 անգամ: Անակնկալի եկած Ր. Հովհաննիսյանը մի պահ փորձեց ճշտել, թե արդյոք սուլոցներն իրե՞ն էին ուղղված… համոզվելուց հետո տեղի տվեց հանրահավաքի մասնակիցների պահանջին ու ստիպված եղավ շեղվելով նախապես հայտարարված ծրագրերից, հայտարարել Բաղրամյան փողոց գնալու մասին:
Ակնհայտ էր, որ Ր. Հովհաննիսյանն ստեղծված իրավիճակում երկու ճանապարհ ուներ: Առաջին, տեղի չտալով «հանրահավաքայինների» պահանջներին, ամեն ինչ անել նրանց «տուն ճանապարհելու» համար: Երկրորդ, ենթարկվելով մարդկանց պահանջին առաջնորդել նրանց Բաղրամյան փողոց: Հանուն արդարության պետք է փաստենք, որ երկու տարբերակներն էլ խիստ ռիսկային էին, և Ր. Հովհաննիսյանը, երևի, իր քաղաքական գործունեության ամենավճռորոշ որոշումներից մեկը կայացրեց:
Նման իրավիճակի ստեղծումը ցույց տվեց, որ Ր. Հովհաննիսյանի երկամսյա պայքարը արդյունավետ չի եղել և նրա ասելիքը, համենայնդեպս, հասկացված չի եղել հասարակության կողմից: Հակառակ պարագայում, հանրահավաքի մասնակիցները նրան այդպիսի ծանր դրության մեջ չէին դնի:
Չանդրադառնալով Բաղրամյան փողոցում ոստիկանների ու հանրահավաքի մասնակիցների միջև տեղի ունեցած բախման պատասխանատուների թեմային, պետք է փաստել, որ ժողովուրդը իսկապես պատմությունից դասեր է քաղել: Չնայած քաշքշոցիների ու բախումների առանձին դրվագներին, այնուամենայնիվ և՛ ոստիկանությունը, և՛ Բաղրամյան փողոցում հավաքված քաղաքացիների մեծամասնությունը գիտակցում էին բախումների գնալու վտանգավոր հետևանքների մասին և դա էր պատճառը, որ չնայած բավականին պատասխանատու պահին Ր. Հովհաննիսյանի բացակայությանը, կրքերը հանդարտվեցին:
Մեկ դիտարկում ևս. և՛ երեկոյան տեղի ունեցած հանրահավաքի, և՛ Բաղրամյան փողոցում տեղի ունեցած զարգացումների ժամանակ, մի քանի կազմակերպված խմբեր անընդհատ սադրիչ կոչ էր էին հնչեցնում, լարում իրավիճակը:
Եվ վերջում, Րաֆֆի Հովհաննիսյանի առաջնորդած պայքարի ու դրա հեռանկարների մասին. երեկվա իրադարձությունները ցույց տվեցին, որ հանրահավաքի մասնակիցների մի մեծ զանգվածի համար, Րաֆֆին ուղղակի ֆիգուր էր, ով այսպես ասած, լեգիտիմացնում է իրենց գործողությունները, իսկ իրականում այդ զանգվածները լրիվ այլ լիդերներ ունեն՝ քողարկված կամ տեսանելի, ովքեր Ր. Հովհաննիսյանի ծրագրերից էապես տարբերվող նպատակներ էին դրել: Ինչպես և կանխատեսվում էր, որոշ ուժեր և գործիչներ, օգտվելով Ր. Հովհաննիսյանի հաջողությունների «քաղցր պտուղներից», փորձեցին շարժմանն իրենց օրակարգը թելադրել: Արդյունքում` հետընտրական պայքարի լարվածությունն իր պիկին հասավ, իսկ շարժումն անհասկանալի բնույթ ստացավ:
Հ.Գ. Առաջիկայում կանդրադառնանք այս իրադարձության հետևանքներին ու դասերին:

Քաղաքական փորձագետ Տիգրան Աբրահամյանի գրառումը

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին