168.am-ը զրուցել է ֆրանսահայ գործարար Վալերի-Աշխեն Գործունյանի հետ, ով պատմել է , որ իր կյանքը շատ հարուստ է, լի հիշողություններով ու սիրով։
Հարցազույցը ներկայացնում ենք նաև մեր ընթերցողների ուշադրությանը:
- Վալերի, Դուք հետաքրքիր կյանք եք ապրել, կարելի է Ձեզ անվանել «ճակատագրական կին»։ Դուք ինչպե՞ս կբնութագրեք Ձեր կյանքը, ինչո՞վ է այն հարուստ, ինչո՞վ է հետաքրքիր։
Ես ապրել եմ Աֆրիկայում և այդ երկրից շատ սիրուն հիշողություններ ունեմ։ Եգիպտոսում էինք և հաճախ Ալեքսանդրիա էինք գնում` տեսնելու այնտեղի մշակույթը։ Հետո ամուսնացա Արա Բաբաջանյանի հետ, ապրեցի Առնո Բաբաջանյանի երաժշտությունով և չորս տարի շարունակ հանդիպեցի հայ և ռուս մեծ արվեստագետների հետ։ Հետո ամուսնացա լիբանանահայի հետ, ով ինձ սովորեցրեց Բեյրութի պատերազմի խնդիրները, պաղեստինյան պայքարը։ Հետո կրկին ամուսնացա հայի հետ։ Ինձ համար լավ հիշողություն չի, բայց ես ուզեցի գալ Հայաստան, գործ ներդնել։ Այն 17 տարիների ընթացքում, որ Հայաստանում մնացի, շատ բաներ սովորեցի։ Դա է իմ հարստությունը` հիվանդություններով, դավաճանություններով, հիասթափություններով, բայց միևնույն ժամանակ՝ իմ կյանքը շատ հետաքրքիր և հարուստ է։
- Մի քանի ամուսնություններ եք ունեցել, Ձեր կյանքի տղամարդիկ շատ տարբեր են եղել։ Ինչո՞վ էր դա պայմանավորված։
- Ես երեք ամուսին եմ ունեցել, բայց երեքն էլ հայ են եղել։ Երբ 16 տարեկանում որպես զբոսաշրջիկ եկա Հայաստան՝ սիրահարվեցի Հայաստանին։ Երբ Արային հանդիպեցի, մտածում էի, որ Հայաստանում պիտի ապրեմ, դա ինձ համար շատ կարևոր էր։ Դժբախտաբար, Մոսկվայում ապրեցի։ Իսկ երկու տղաներիս հորն էլ պայքարի մեջ հանդիպեցի։ Դրանք այն տարիներն էին, երբ հայկական բանակը պայքարում էր։ Հիանում էի տղաներով, նրանք պատրաստ էին իրենց կյանքը զոհաբերել։ Ես էլ, իրենց հետ միասին, պայքարում էի։ Երրորդ ամուսնուս միամտորեն հավատացի, թե սիրում է ինձ։ Ես արդեն որոշել էի Հայաստանում գործ ներդնել։ Ինքն այդ ժամանակ ԱՄՆ-ում էր, հետո եկավ Փարիզ, ու չնայած համաձայն չէր՝ ես Հայաստանում գործ ներդրեցի։
- Դուք եղել եք նաև ԱՍՍԱԼԱ-ի անդամ, ինչպե՞ս հայտնվեցիք այնտեղ։ ԱՍՍԱԼԱ-ն ի՞նչ դեր խաղաց Ձեր կյանքում։
- Ես Փարիզում հայկական պայքարի անդամ էի։ Մի օր ինձ նամակ տվեցին, մարդ չկար, որ այն Բեյրութ հասցներ, ես այն տարա և այդպես մտա ԱՍՍԱԼԱ։ Արդեն պատմություն է դարձել, բայց պետք է ասեմ, որ այդ շրջանն իմ կյանքում ճիշտ պայքար էր և ինձ հնարավորություն տվեց հանդիպելու իմ տղաների հորը, Մոնթե Մելքոնյանին, Ալեք Ենիգոմշյանին, Մարտիրոս Ժամկոչյանին և այլ մարդկանց, ովքեր սկզբունքայնությամբ հայության համար ճիշտ պայքար էին տանում։ Սա երբեք չենք կարող մոռանալ։ Նրանք են ինձ ուժ տվել։
- Շա՞տ են տղամարդիկ Ձեզ ցավ պատճառել, թե՞ Դուք եք իրենց ցավեցրել։ Բաժանումները հե՞շտ եք տարել։
- Այո, միշտ ցավեցրել են ինձ։ Ես շատ ռոմանտիկ եմ և միշտ փնտրել եմ այն մարդուն, ով մինչև իմ մահը պիտի լիներ ինձ հետ։ Սակայն այդպես էլ չգտա։ Միշտ սուտ և դավաճանություն է եղել, իսկ ես դա չեմ կարող ներել։ Երբ ինձ ստում և դավաճանում են, ընկերությունն ինձ համար վերջանում է։ Ինձ համար սերը շատ կարևոր զգացմունք է, և այն պիտի մաքուր մնա, և տղամարդու հավատարմությունը, վստահությունը շատ անհրաժեշտ են։ Եթե այս զգացմունքը դավաճանում են, այլևս ինչպե՞ս կարելի է ապրել այդ անձնավորության հետ։ Ես դա չեմ կարող անել։ Անշուշտ, ես էլ եմ սխալներ արել, բայց միշտ ես եմ իմ ամուսիններից բաժանվել։
- Կին-տղամարդ հարաբերություններում ի՞նչն է Ձեզ համար կարևոր։
- Հարաբերություններում ինձ համար կարևոր է այն, որ իրար հետ պետք է կյանքի ամեն խենթությունը կիսել, անշուշտ հարգել իրար։ Եթե այս ամենը կա, ապա զույգն ուժեղ է։
- Ո՞վ է Ձեր կյանքում մեծ դեր ունեցել։
- Հայությունից բացի, իմ կյանքում մեծ դեր են ունեցել հայրս, մայրս, մայրական կողմից տատիկս։ Հայրս ինձ սովորեցրեց կյանքի սկզբունքները, որ մարդ մնամ, միշտ ճիշտ և հպարտ։ Մայրս ինձ սովորեցրեց նրբության արվեստը, սերը, միշտ սովորելու համեստությունը։ Մեծ մայրս էլ տվեց հայության, կրոնի, պայքարի սերը։ Նրանք ինձ տվեցին այն սկզբունքները, որոնք մինչև հիմա ունեմ, դավաճանության դեմ պայքարելու, դիմանալու և միշտ ոտքի կանգնելու ուժ տվեցին։ Շատ շնորհակալ և պարտական եմ իրենց։
- Որպես Առնո Բաբաջանյանի նախկին հարս՝ ի՞նչ հիշողություններ ունեք։
- Առնոյի հետ կապված շատ տարբեր և լավ հիշողություններ կան։ Կարծում եմ` ներքուստ նա հպարտ էր, որ իր հարսը հայ է։
- Ֆեյսբուքում գրել էիք, որ հանդիպել եք այն տղամարդուն, ով Ձեզ քաջալերում է։ Ո՞վ է նա, փոքր-ինչ կպատմե՞ք նրա մասին։
- Այո, ճիշտ է։ Ես ընկեր ունեմ, ով ինձ համար ճիշտ տղամարդու սիմվոլն է։ Երբ նա ինձ հաճոյախոսություններ է անում, գիտեմ, որ սուտ չի ասում։ Ես ինձ գեղեցիկ կին եմ զգում։ Նա ինձ միշտ ուժ է տալիս, միշտ ինձ քաջալերում է։ Նա միշտ ասում է` դու այն կինը չես, ով տղամարդու միջոցով է կին, այլ դու կին ես՝ քո ուժերով։ Նա ինձ կարող է պաշտպանել, երբ դրա կարիքը լինի։ Նա է ինձ համար իդեալական տղամարդը։
- Ինչո՞վ են զբաղվում Ձեր երեխաները։
- Մեծ տղաս մենեջմենթի կրթություն է ստացել և աշխատում է մի ընկերությունում, որն 80 երկրների գազ է մատակարարում։ Իսկ կրտսեր որդիս` Վահագնը, աշխատում է Փարիզի հյուրանոցներից մեկում, բայց շուտով, եթե Աստված կամենա, սրճարան կբացի։
- Այս պահին Ֆրանսիայում ինչո՞վ եք զբաղվում։ Կյանքն ինչպե՞ս է Ֆրանսիայում անցնում։
- Բավականին դժվար էր Փարիզում վերադասավորվել։ Արդեն մտել եմ իմ նորմալ կյանքի մեջ, հանդիպում եմ ընկերներիս հետ, փնտրում եմ այն դերը, որով Փարիզում պետք է գործեմ, շարունակում եմ իմ հայկական կյանքը` մասնակցելով տարբեր բարեգործական միջոցառումներին։
- Հայաստանում նոր բիզնես սկսելու ցանկություն չկա՞։ Դեռևս հիասթափվա՞ծ եք։
- Շատ-շատ եմ հիասթափվել, բայց եթե օլիգարխիան վերանա, կառավարությունը փոխվի՝ անպայման կգամ Հայաստան։ Իմ երկիրը շատ եմ կարոտում։
- Ընդհանրապես կին-գործարարների ճանապարհը դժվարի՞ն է։
- Կինը, քանի տարի է, պայքարում է, որ իրավունքներ ունենա։ Եվրոպայում բավականին առաջ են գնացել այս առումով, բայց դեռևս ամբողջովին արդար չէ։ Հայաստանում կինը երկար ճանապարհ պետք է գնա, որ կարողանա իր գիտելիքներով, արժանիքներով հավասարվել տղամարդուն, չնայած՝ ես միշտ նկատել եմ, որ այդտեղ կինն ավելի շատ է աշխատում, քան տղամարդը։ Հայ կինը նախևառաջ պետք է իրեն հարգի, որ կարողանա առաջ գնալ։ Շատ կարևոր է, որ այն սխալ սովորությունները, որոնք հասարակության մեջ կան, վերանան, որ առողջ հասարակություն լինի, և կինն իրեն մարդ զգա։
- Դժվարություններ շա՞տ եք ունեցել։ Ինչպե՞ս եք այդ դժվարությունները հաղթահարել։ Ի՞նչն է Ձեզ օգնել, հույս ներշնչել։
- Դժվարությունները հաղթահարելուն ինձ օգնել է իմ լավատեսությունը, ես միշտ հույս ունեմ, նաև օգնել է այն, որ ես վախկոտ չեմ և շատ սկզբունքային եմ։ Իմ ամենամեծ թերությունը մարդկանց վստահելն է, հետո, երբ փաստի առաջ եմ կանգնում, ուժով պայքարում եմ։
- Վալերի, հարցազրույցներից մեկում ասել էիք, թե Հայաստան կվերադառնաք` նախագահ ընտրելու. կարծես թե չվերադարձաք, ինչո՞վ էր դա պայմանավորված։
- Ասել էի՝ կգամ, եթե նախագահը փոխվի։ Մինչև հիմա այդ իրականությունը, դժբախտաբար, չկա։
- Ինչպե՞ս են ֆրանսահայերն արձագանքում Հայաստանում տեղի ունեցող քաղաքական զարգացումներին։ Նրանք ընտրությունների ելքից գո՞հ են։
- Ֆրանսահայերը գիտեն, թե ինչպիսին է Հայաստանի իրականությունը։ Նրանք նայում են հեռվից և սպասում, որ մի օր վիճակը կփոխվի։ Ես շատ ընկերներ ունեմ, ովքեր ինձ հետ միասին՝ փորձում են ակտիվորեն իրականությունը ներկայացնել և տեղեկատվություն տալով` մոբիլիզացնել ֆրանսահայերին։ Այս վերջին տարիներին Հայաստանի հայերը գալով Ֆրանսիա՝ նոր շունչ են տալիս հին սփյուռքին։ Նրանք են ֆրանսահայերի զարթոնքի հույսը։
- Ի՞նչ եք կարծում` Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնած «Բարևի» հեղափոխությունն ի վիճակի՞ է իշխանափոխություն իրականացնել։
- Ես ուզում եմ հավատալ, որ մեր վիճակը պիտի փոխվի։ Ես անչափ մտահոգված եմ Հայաստանի համար։ Եթե իրավիճակը նույնը մնա, ժողովուրդն ավելի շատ կգաղթի, և մեր երկիրը վտանգի մեջ կհայտնվի։ Ես իմ ողջ ուժերով ցանկանում եմ, որ մեր երկրի վիճակը փոխվի։ Կարծում եմ` շատ վտանգավոր պահ է, բոլորը հասկանում են, որ այս վիճակը վիճակ չէ, պետք է այն փոխել, այս պատճառով էլ ուզում եմ ասել, որ ես հավատում եմ «Բարևի» հեղափոխությանը։
- Այս հանրահավաքների, տարբեր ակցիաների վերջն ինչպե՞ս եք տեսնում։
- Շատ լավ է, որ դասադուլներ, կանանց, էկոլոգիական շարժումներ կան։ Եթե սրանք շարունակվեն, իշխանությունը փաստի առջև կկանգնի և կտեսնի, որ չի կարողանում կառավարել, և իր տեղը կզիջի։ Այս հասարակական շարժումները շատ կարևոր են։
- Հայաստանում ի՞նչը կարող է իշխանափոխության հանգեցնել։
- Ինձ թվում է՝ ժողովրդի, հասարակական շարժումների դեմոբիլիզացիան կարող է իշխանափոխություն իրականացնել։ Ես չէի հավատում, որ ժողովուրդն այսչափ առաջ կշարժվի, ես միայն մաղթում եմ, որ շարունակվի այս պայքարը և չդադարի այնքան ժամանակ, մինչև մեր ժողովուրդը չշահի։