▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երբ անգետիկներն ու խառնափնթորները ստանձնում են դատավորի կեցվածք. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթն, գրում է.  «ազատ գոտի» կոչվող խառնափնթոր հաղորդումը որոշել է անդրադառնալ լրատվական դաշտին եւ առավել խառնափնթոր ու անհասկանալի մի կազմով քննարկում անել:

Արել են՝ լավ են արել, ո՞վ է իրենց բան ասում: Հ1-ից վաղուց այլեւս ոչ ոք բարձր որակի հաղորդում չի ակնկալում, բայց երբ տգետներն ու լրագրության հետ կապ չունեցողները ստանձնում են դատավորի կեցվածք ու դաս տալիս նրանց, ումից շատ բան ունեն սովորելու, ահա՝ անթույլատրելին: Ուրեմն, ի՞նչ են արել հեռուստատեսությունում «ազատ» (ես կասեի՝ մտքից ազատ) այս գոտու հեղինակները: Իրենց կարճ խելքով որոշել են էքսպերիմենտ անել՝ բեմադրել են ինչ որ մեկի ավտովթարը եւ այդ մասին կարծեմ՝ normitq.am կայքում տեղադրել դրա մասին նյութ:

Իբր՝ որ հասկանան, թե ովքեր են օգտվում ուրիշի տարածած ինֆորմացիայից: Եւ վերջում հավաքվեն մի լսարանում ու նախատեն, թե՝ այ, այ, այ, լրագրողներն ինչ անբարեխիղճ են՝ ինչու չեն զանգում, ճշտում ինֆորմացիան, օգտվում են այլ կայքերից:Եւ այդ կայքերից մեկն էլ, պարզվում է hraparak.am- ն է:
Ուրեմն, ժամանակակից տեխնոլոգիաներից, լրատվական տրամաբանությունից, եւ ընդհանրապես՝ մարդկային տրամաբանությունից զուրկ այս էքպերիմենտատորների համար ասենք, որ նախ՝ ինֆորմացիայի ավանդական աղբյուրները վաղուց այլեւս չեն գործում: Ցանկացած քաղաքացի այսօր կարող է տեղեկատվության աղբյուր լինել եւ տարածող: Սոցիալական ցանցերում տարածվող ինֆորմացիան, որը երբեմն ավելի ստույգ ու օպերատիվ է լինում, հենց անհատ անձանց գործունեության արդյունք է եւ «քաղաքացիական լրագրությունն» էլ հիմա ամբողջ աշխարհում է տարածված: Եւ կայքերի ու սոցցանցերի, բլոգների ու թիվիների միջեւ այլեւս սահմանները ջնջվել են: Իրենց ազդեցության դաշտով դրանք այլեւս իրարից քիչ են տարբերվում, ուստի ԶԼՄ-ներն էլ 20-րդ դարին բնորոշ ԶԼՄ-ները չեն այլեւս: Երկրորդ, ինֆորմացիան այս կամ այն աղբյուրից, այս կամ այն տեղեկատվական հարթակից վերցնելն ու հղումով տեղադրելն ընդունված է ողջ աշխարհում:

Ուրիշ բան, որ մեզ կարելի է մեղադրել ինչ որ «ճ» կլասի կայքից տեղեկատվություն վերցնելու մեջ: Ընդունում ենք եւ մեր կայքի աշխատողները դրա համար դիտողություն են ստացել:

Բայց տվյալ դեպքում դա այնքան էլ մեղադրելի չէ, քանի որ «էքսպերիմենտատորները», փաստորեն, ոչ թե էքսպերիմենտ են արել, այլ կեղծիք. երբ ավտովթարի տեսարան են բեմադրում, փողոցում մեքենայի առաջ պառկած տուժողով-բանով ու լուսանկարները տեղադրում են համացանցում, բոլոր նորմալ մարդիկ մտածում են, որ լուսանկարներն արվել են դեպքի վայրից: Այդ տեղեկատվությանը հավատացող ընթերցողն ու այլ լրատվամիջոցների ներկայացուցիչները չեն կարող անգամ պատկերացնել, որ խաբեությունն այնքան է մտել այս անձանց արյան մեջ, որ կարող են վթարի տեսարան բեմադրել՝ մոլորեցնել մարդկանց: Սա թաքնված տեսախցիկի կամ «բլեֆ» հաղորդումների մի տարբերակն է: Նույնն է, որ այդ հաղորդումների «զոհերին» մեղադրենք թակարդն ընկնելու մեջ: Դա նույնն է, որ լրագրողներին մեղադրեն ՀՀ նախագահի նստավայրից ստացվող տեղեկատվությանը հավատալու կամ կառավարությունից ստացվող հրամանագրերի իսկությունը չստուգելու մեջ: Նույն տրամաբանությամբ կարելի է կասկածի տակ առնել ցանկացած մարդու հաղորդածը, աչքիդ տեսածը, քեզ հետ պատահածը: Եւ այսպես կարելի է աբսուրդի հասնել:
Այս «էքսպերիմենտատորներին» առաջարկում ենք այլ բանում մրցել մեզ հետ: Ընտրենք 100 քաղաքացու, որոնք մասնակցում են, ասենք, ընդդիմության կազմակերպած հանրահավաքներին կամ հասարակական շարժումների ակցիաներին եւ խնդրենք գնահատական տալ՝ «Հրապարակի» եւ Հ1-ի պատրաստած ռեպորտաժներին: Տեսնենք, թե դրանցից որ մեկն է մոտ իրականությանը, որն է ներկայացնում բուն պատկերը՝ սկսած մասնակիցների թվից, վերջացրած ելույթների ու ոստիկանության պահվածքի արձանագրումով: Ահա որտեղ կերեւա, թե որն է իրական ժուռնալիստիկան եւ ով է հավատարիմ իր մասնագիտական պարտքին:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ`  «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին