Երբ Հովիկ Աբրահամյանը նշանակվեց ՀՀ վարչապետ, շատերը կատակեցին, թե «ԱԺ արդեն նախկին նախագահն իր պառլամենտատիպ տունը քանդելու է ու կառավարության շենքի մակետով առանձնատուն սարքի»` նկատի ունենալով Մոնումենտում գտնվող առանձնատունը, որը բոլորը նմանեցնում են խորհրդարանի շենքին:
Հայտնի է, որ անեկդոտները հաճախ ծնվում են իրականությունից, փաստորեն` լինում են նաև դեպքեր, երբ անեկդոտներն են «ծնունդ տալիս» իրականությանը:
Ըստ Asekose.am-ի, իր աշխատավայրի ոճի ու տիպի առանձնատան հանդեպ սեր ունեցող Հովիկ Աբրահամյանի համար «գտնվել է բավականին յուրօրինակ լուծում»` Մոնումենտում գտնվող առանձնատան բակը նմանեցնելով կառավարության շենքին հարակից Հանրապետության հրապարակին:
Երբ բացվում են մեծ առանձնատան հսկա դարպասները` վարչապետի տուն այցելողներին դիմավորում են բակում կառուցված գունավոր շատրվանները, որոնք, ասում են` նաև պարում ու երգում են. մի խոսքով` ճիշտ Հանրապետության հրապարակի երգող շատրվանների պես:
Ըստ ասեկոսեների, ջրային այդ յուրահատուկ ավազանի պատրաստման համար ծախսվել է տասնյակ հազարավոր դոլարներ, սակայն «մտահոգիչն» ամենևին էլ դա չէ: Խնդիրն այն է, որ գունավոր շատրվանների պատճառով` Հովիկ Աբրահամյանի մոտ կարող է տպավորություն ստեղծվել, թե նա աշխատավայրում է օր ու գիշեր, ինչից նա կարող է հոգնել...իսկ վարչապետի հոգնած լինելը ևս մեկ հոգս է Հայաստանի համար: