«Եռաչափ սեր» հեռուստասերիալի գլխավոր հերոսուհի Ինգան, իրականում` Եվա Բաղդասարյանը սոցցանցային իր էջերից մեկում հարսանեկան զգեստով լուսանկարներ է տեղադրել, ինչը տարաբնույթ ենթադրությունների առիթ է դարձել:
Ճշտելու` ինչու է Եվան հարսանեկան զգեստ հագել, և արդյոք իր անձնական կյանքում փոփոխություններ կան, esyes.am-ն է զրուցել սերիալային դերասանուհու հետ, ով հայտնել է, որ զգեստը հագել է Սամվել Մանոյանի հարսանեկան զգեստների հավաքածուի ցուցադրության ժամանակ: «Անձնական կյանքումս փոփոխություններ չկան»,- ասել է Եվան և նշել է, որ երկրորդ անգամ է հարսանեկան զգեստ հագնում:
Երիտասարդ աղջիկն ասել է, որ ինքը սնահավատ չէ և նշանակություն չի տալիս այն խոսակցություններին, թե չամուսնացած աղջիկը չպետք է հարսանեկան զգեստ հագնի. «Ըստ իս` դա սնահավատություն է: Երբևէ ուշադրություն չեմ դարձրել նման բաներին»:
Սերիալային դերասանուհուց կայքը հետաքրքրվել է նաև, թե ինչ է պատրաստվում անել «Եռաչափ սեր» հեռուստասերիալի ավարտից հետո: Նրա փոխանցմամբ` մի շարք առաջարկներ ունի ինչպես «Արմենիա», այնպես էլ այլ հեռուստաընկերություններից, սակայն դեռ չի կողմնորոշվել, թե որը կընդունի: «Կախված է նրանից, թե որտեղից գլխավոր դերի առաջարկ կստանամ»,- ասել է Եվան և հավելել, որ իր համար կարևոր է գլխավոր դերում հանդես գալը: