ASEKOSE.am-ն այսօր հերթական նամակն է ստացել՝ կապված ԵՊՀ աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանի «չարաշահումների» հետ` «ԵՊՀ մտահոգ դասախոսներ» ստորագրությամբ:
Նամակում մասնավորապես նշվում է, որ ԵՊՀ-ն դարձել է առևտրային գոտի, քանի որ աշխատակազմի ղեկավարը այն ղեկավարում է` ամենուրեք ներդնելով իր «գործակալներին»` բոլորի նիստուկացին տեղյակ լինելու և մարդկանց փնովելու ու աշխատակիցների մոտ բարոյազրկելու համար:
Ըստ հեղինակների՝ ԵՊՀ ռեկտորն էլ իր հերթին խաչագողի հոգեբանությամբ է կառավարում իր պաշտոնավարման վերջին տարիները` չմտածելով ԵՊՀ բարօրության և առաջընթացի մասին. եթե նախկինում ԵՊՀ- ն մատնացույց էր արվում բարձունքներ գրավելու և առաջադեմ ցուցանիշներ գրանցելու համար, այսօրվա պատկերը միանգամայն այլ է:
Նամակագիրները մտահոգություն են հայտնում այն մասին, որ ԵՊՀ ռեկտորը լիազորություններ է ընձեռել աշխատակազմի երիտասարդ ղեկավարին և ընդհանրապես ուշադրություն չի դարձնում կամ անտեսում է այն չարաշահումները, որը թույլ է տալիս Ալիկ Ղարիբյանը:
«ԵՊՀ-ն վաղուց արդեն վերածվել է Ալիկ Ղարիբյանի բիզնես ոլորտի. Գնումների գործըթնաց /իր մեջ պարունակում է գնումների ամբողջական փաթեթը/, բուֆետներ, սրճարաններ, պատճենահանման կետեր և այլն. Թվարկելը երկար կտևի. Այս ամենը Ալիկ Ղարիբյանի համար վերածվել են անձնական հարստացման միջոցների, որոնք արտահայտվում են նրա շքեղ ավտոմեքենայի, նորակառույց առանձնատների և այլնի ձևով, ինչի մասին արդեն իսկ բազմիցս գրվել է բազմաթիվ կայքերով, բայց ապարդյուն»,- գրված է նամակում:
Վերը նշված խնդիրներին ASEKOSE.am-ն անդրադարձել էր ավելի վաղ:
ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում Ալիկ Ղարիբյանը բուֆետների, սննդի և պատճենահանման կետերի հետ իր առնչության մասին լուրերը հերքել էր՝ նշելով, որ նման նամակները չարակամ մարդկանց ձեռքի գործն են:
Այս նամակում նշված է, որ ի հավելումն մյուս չարաշահումների, այժմ Ալիկ Ղարիբյանը փորձում է իրենով անել նաև ԲՈՒՀ-ի անվտանգության ծառայությունը:
«Հավաստի աղբյուների փոխանցմամբ, Ալիկ Ղարիբյանը որոշել է ԲՈՒՀ- անվտանգության ծառայությունը հանձնել մասնավոր թիկնապահական ընկերության, որի արդյունքում ավելի քան 30 աշխատակիցներ դուրս են մնալու, իսկ տենդերի կազմակերպումը և հատկապես կոնկերտ թիկնապահական ընկերության ընտրությունը բացառապես պայմանավորված է լինելու Ալիկ Ղարիբյանի և տվյալ ընկերության հարաբերություններով և հետագայում ատկատների հստակ ծավալներով:
Այլ կերպ ասած, ով ավելի շատ ատկատ տա Ալիկին, նա էլ կհաղթի տենդերում և «կապահովի» ԵՊՀ- ի անվտանգությունը: Փաստորեն, անվտանգության ծառայությունը նույնպես վերածվելու ԱԼԻկ Ղարիբյանի` ԵՊՀ-ի հաշվին հարստանալու միջոցներից մեկը»,- գրում են նամակում:
ASEKOSE.am-ի թղթակցիը փորձեց այս անգամ ևս կապ հաստատել ԵՊՀ աշխատակազմի ղեկավար Ալիկ Ղարիբյանի հետ և պարզաբանումներ ստանալ, մեր զանգերը, սակայն մնացին անպատասխան: