Վերջին հարցումները ցույց են տալիս, որ ԱՄՆ-ի նախագահի հանրապետական թեկնածուի ընտրապայքարի մասնակից Բեն Քարսոնը առաջ է անցել Դոնալդ Թրամփից, ով մրցապայքարի նախկին առաջատարն էր: Դեմոկրատների ճամբարում առաջատար է մնում Հիլարի ՔլինթոնըԵրեքշաբթի լույս է տեսել Դոնալդ Թրամփի «Հաշմանդամ Ամերիկա. Ինչպես Ամերիկան կրկին դարձնել հզոր» անվանումով նոր գիրքը: «Մենք աննկուն գործունյա մեկի կարիքը ունենք՝ հղկելու համար մեր զինված ուժերը, «Իսլամական պետություն» խմբավորումը, մեր տնտեսական գործարքները, դադարեցնելու «Օբամաքեըրը» և հանդես գալու ավելի լավ գաղափարներով, բայց ավելի ցածր գնով», - ասում է Թրամփը:
Հանրապետական գրեթե բոլոր թեկնածուները կենտրոնացել են Օբամայի վարչակազմի քննադատության վրա: Բարաք Օբաման երկուշաբթի օրը հակադարձեց նրանց. «Նրանք պնդում են, որ ամեն ինչ իրոք հոյակապ էր 2008 թ-ին, այն ժամանակ, երբ մենք անցնում էինք մեր կյանքի տնտեսական ամենավատ ճգնաժամի միջով, երբ բարձր էր գործազրկության մակարդակը, երբ մենք խորապես կախված էինք նավթի արտաքին ներկրումներից և երբ Բին Լադենը դեռևս հայտնաբերված ու ոչնչացված չէր: Դա իրապես ոսկե դարաշրջանն էր, որը ես խաթարեցի», - քմծիծաղով ասել էր ԱՄՆ-ի նախագահը:
Բազմաթիվ հանրապետական նախագահական թեկնածուներ, ներառյալ՝ առաջատար Բեն Քարսոնը միասին պահանջել են փոփոխություններ անել հեռուստաբանավեճի կարգում, որը նախատեսում է վարողի սադրիչ հարցերի սահմանափակում: «Մեզ պետք են վարողներ, ովքեր շահագրգռված են թեկնածուների վերաբերյալ տեղեկատվության տարածման մեջ», - ասել է Քարսոնը:
Սակայն այդ գաղափարը ժպիտ է առաջացրել Օբամայի մոտ, ով հակադարձել է. «Եթե դուք չեք կարողանում պատասխաներ գտնել հեռուստալրագրողների հարցերին, չեմ կարծում, թե չինացիները կամ ռուսները հոգ կտանեն ձեր մասին»:
Թեև հանրապետականների ընտրարշավում դեռևս հաստատուն առաջատար չկա, Հիլարի Քլինթոնը հաստատուն կերպով շարունակում է առաջնորդել դեմոկրատների ընտրապայքարը: