▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էնպես չի, որ սա իմ երազանքն էր. Սարգիս Գրիգորյանը՝ «Բախտաբեր» սերիալում նկարահանվելու մասին

​​​​​​​












 

 

 

 




Օրեր առաջ համացանցում հայտնվեց «Բախտաբեր» անվանումով նոր սերիալի առաջին էպիզոդը, որում որպես գլխավոր դերակատարներ հանդես են եկել Անժելա Սարգսյանը, Սոս Ջանիբեկյանը, Էթերի Ոսկանյանը, Սարգիս Գրիգորյանը և այլք: Հատկանշականն այն է, որ տվյալ սերիալը կարծես թե դերասաններից մի քանիսի համար իրենց երկարատև դադարից հետո կարող է էկրանային վերադարձ համարվել: Asekose.am-ի թղթակիցն այս առիթով կապ հաստատեց դերասան Սարգիս Գրիգորյանի հետ՝ ճշտելու սերիալում նկարահանվելու իր առաջարկի, խաղընկերների, էկրանային վերադարձի և հետագա անելիքների մասին:

Asekose.am-ի հետ զրույցում Սարգիս Գրիգորյանը, խոսելով սերիալում նկարահանվելու մասին, ասաց, որ առաջարկը ստացել է ֆիլմի պրոդյուսերի՝ Էդգար Ավագյանի կողմից:

«Տվյալ սերիալում բավական պրոֆեսիոնալ դերասանական կազմ է հավաքվել: Ծանոթացա նրանց հետ, հասկացա, որ այն կարող է հեռանկարային սերիալ լինել և այդպես համաձայնվեցի նկարահանվել»,- նշեց դերասանը: 

Խոսելով իր խաղընկերների մասին՝ Սարգիս Գրիգորյանը պատմեց, որ մինչ այս արդեն իսկ փորձ ունեցել էր աշխատել դերասաններից մի քանիսի հետ, իսկ ինչ վերաբերվում է իր նոր գործընկերներին, դերասանը նկատեց, որ աշխատանքը նոր մարդկանց հետ դա իր համար շատ ավելի լավ է, քանի որ այդ կերպ նոր փորձ է ձեռք բերում, ինչպես նաև ավելանում է մրցակցության գործոնը:

«Ցանկություն է առաջանում ավելի լավ հանդես գալ, ինչը նաև դիմացինիդ մոտ է նկատվում, այսինքն՝ դա միայն օգնում է մեր ընդհանուր գործընթացին»,- ավելացրեց Սարգիսը:

Այն հարցին՝ արդյո՞ք «Բախտաբեր» սերաիալը հենց այն աշխատանքն էր, որով նա տևական դադարից հետո կցանկանար վերադառնալ, դերասանը պատասխանեց.

«Սա ուղղակի սերիալ է, որը ակնկալվում է, որ պետք է ստացված լինի: Ես պարզապես իմ գործն եմ անում: Էնպես չի, որ սա իմ երազանքն էր: Ուրախ եմ, որ իմ գործով եմ զբաղվում և նաև ուրախ եմ այն հանգամանքի համար, որ կրկին վերադարձա իմ աշխատանքին»:

Տեղեկացնենք, որ այժմ տվյալ սերիալը ցուցադրվում է միայն ԱՄՆ-ում՝ USA Armenia հեռուստաընկերությամբ: Իսկ թե արդյո՞ք այդ փաստը չի հուսահատեցնում դերասաններին՝ Սարգիս Գրիգորյանը նշեց, որ իրենք հենց սկզբից էլ տեղյակ են եղել դրա մասին՝ նշելով, որ իր կարծիքով ֆիլմի պրոդյուսերական կազմը կանի հնարավորինս այն նաև Հայաստանում ցուցադրելու համար, բայց թե կոնկրետ երբ, դերասանը դժվարացավ պատասխանել:

Asekose.am-ի այն հարցին, թե դերասանի կարծիքով այս սերիալը կարող է վերադարձնել իրեն իր նախկին հաջողությունը, Սարգիսը պատասխանեց.

«Դա մենակ ինձանով չէ, որ պայմանավորված է: Այս մասնագիտությունը թիմային աշխատանքի արդյունք է, այսինքն՝ մարդուն բերում է հաջողություն նաև ընդհանուր աշխատանքը: Հիմա ես իմ գործը պարտաճանաչ անում եմ՝ շարունակելով նույն կերպ աշխատել և սպասել, որ այն կարժանանա հեռուստադիտողի հավանությանը»:

Զրույցի վերջում անդրադառնալով նաև իր հետագա անելիքներին՝ դերասանը պատմեց, որ տվյալ սերիալին զուգահեռ նկարահանվել է նաև մի քանի գեղարվեստական ֆիլմերում, որոնք էկրաններին կհայտնվեն 2015թ-ի գարնանը, բայց թե ի՞նչ ֆիլմերի մասին է խոսքը, նշենք, որ Սարգիս Գրիգորյանը չցանկացավ մանրամասնել:  

  

Կարդացեք նաև՝ Ժամանակ պետք կգա ինձ այս կերպարով և արտաքինով տեսնել սովորելու համար. Անժելա Սարգսյան

Հեղինակ՝ Սաթենիկ Խաչատրյան 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին