ermenihaber-ը գրում է.Հունիսի 23-ին Թուրքիայի ազգային մեծ ժողովում (ԹԱՄԺ) տեղի է ունեցել նորընտիր պատգամավորների երդմնակալության արարողությունը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 25-րդ գումարման խորհրդարանի պատգամավորներին շնորհավորելու համար մասնակցել է երդման արարողությանը:
«CnnTürk» լրատվական ծառայությունը հայտնում է, որ երբ նախագահը մտել է նիստերի դահլիճ, ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (CHP-ԺՀԿ), «Ազգայնական շարժում» (MHP-ԱՇԿ) և քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP-ԺԴԿ) կուսակցության պատգամավորները ոտքի չեն կանգնել:
Երդմնակալության արարողությունը տևել է մոտ շուրջ 9 ժամ:
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Թուրքիայում տեղի էին ունեցել խորհրդարանական ընտրություններ: Խորհրդարանում հայտնվել է 4 կուսակցություն՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը, գորշ գայլեր ահաբեկչական խմբավորման քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժում» կուսակցությունը և քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը: Իշխող կուսակցությունը խորհրդարանում նեկայացված կլինի 258 պատգամավորով, իսկ ԺՀԿ-ն, ԱՇԿ-ն և ԺԴԿ-ն համապատասխանաբար զբաղեցրել են 131, 80 և 81 տեղ:
Նշենք, որ 25-րդ գումարման խորհրդարանում պատգամավորական մանդատներ ձեռք բերեցին ազգությամբ հայ Թուրքիայի 3 քաղաքացիներ: Նրանք են`
1. Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից Մարգար Եսայանը:
2. Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցությունից» Սելինե Օզուզուն Դողանը
3. Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից» Գարո Փայլանը: