Կոմպոզիտոր, «Էմմի»-ի եռակի դափնեկիր Դենիզ Ջենտիլինին և երգերի հեղինակ Լիզա Նեմզոնը «I Am Alive» անվանումով մյուզիքլ են բեմադրելու՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այս մասին հայտնում է KDVR-TV FOX Denver հեռուստաալիքի կայքը:
Մյուզիքլի սյուժեի հիմքում Հայոց ցեղասպանությունը վերապրած Գուրգեն եւ Մալվին Խանջյանների՝ Ջենտիլինիի տատիկի և պապիկի սիրո պատմությունն է:
Ջենտիլինիի խոսքով` իր պապը՝ Գուրգենը, 8 տարեկանում որբացել է, քանի որ վերջինիս հայրը 1915-ին սպանվել է Թուրքիայում: Ընտանիքի մյուս անդամների հետ նրան ուղարկել էին «մահվան երթի» (սիրիական անապատով ոտքով երթ դեպի համակենտրոնացման ճամբարներ), սակայն թուրքերից մեկը խղճացել և փրկել էր Գուրգենին, որից հետո նա հայտնվել էր որբանոցում:
Թուրքիայում է բնակվել նաև Ջենտիլինիի տատիկը՝ Մալվինը: Նրա հորը թունավորել են, և քանի որ մայրը չի կարողացել պահել բոլոր քույրերին ու եղբայրներին, Մալվինին տվել է այլ ընտանիքի: Երբ հայերին տեղահանել են Թուրքիայից, Գուրգենն ու Մալվինը հայտնվել են Հունաստանի փախստականների ճամբարում, որտեղ էլ ծանոթացել են և ամուսնացել են: Մալինը 14 տարեկան է եղել, իսկ Գուրգենը՝ 19:
Ըստ Ջենտիլինիի` վաղուց գիտեր այս պատմությունը, բայց հենց այս տարի է որոշել խոսել այդ մասին, քանի որ ապրիլին նշվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը.
«Հայոց ցեղասպանության մասին ներկայացումներ են բեմադրվել, ֆիլմեր նկարահանվել, բայց ես երբեք չեմ լսել, որ մյուզիքլ բեմադրվի: Ես հավատում եմ, որ երաժշտությունը համընդհանուր լեզու է, այնպես որ՝ նույնիսկ նրանք, ովքեր այդ իրադարձությունների մասին ոչինչ չգիտեն, կարող են հետաքրքրվել դրանցով»: