▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Էկոնոմիկայի նախարարն աճպարարություն է անում»

Դիվանագետ, ԱԺԲ անդամ Արա Պապյանի ֆեյսբուքյան գրառումը․ «ՀՀ էկոնոմիկայի նախարարը բառախաղ է անում՝ արտաքին պարտք և պետական պարտք հասկացություններով աճպարարություն է անում։
Ըստ 2024 թվականի սեպտեմբերի 30-ի տվյալների՝ Հայաստանի Հանրապետության պետական պարտքը կազմել է մոտ 12.5 միլիարդ ԱՄՆ դոլար։ Այդ թվում՝ արտաքին պարտքը կազմել է մոտ 6.3 միլիարդ դոլար, իսկ ներքին պարտքը՝ մոտ 6.2 միլիարդ դոլար։
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական պարտքն աճել է մոտ 1.18 միլիարդ դոլարով կամ 10.4%-ով։
Նշենք, որ 2024 թվականի հուլիսի վերջի դրությամբ՝ պետական պարտքը կազմել է մոտ 12.34 միլիարդ դոլար, ինչը ցույց է տալիս պարտքի շարունակական աճ։
Այսպիսով, պետական պարտքի աճը հիմնականում պայմանավորված է ներքին պարտքի ավելացմամբ, մինչդեռ արտաքին պարտքը նվազել է»։

***

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կառավարությունում մարդ կա՞, որ հասկանում է, թե ինչ են խոսում հատկապես ֆինանսատնտեսական բլոկի պատասխանատուները:
Ուրեմն, Ֆինանսների նախարարը 2024թ. հոկտեմբերի 28-ին հայտարարում է, որ Հայաստանի արտաքին պետական պարտքը կազմում է 12,5 միլիարդ դոլար, ավելին` բյուջեի 5,5 տոկոս պակասուրդի պատճառով կավելանա 2024թ-ի համեմատ, այսինքն՝ 2025թ-ին 12,5 միլիարդից էլ կաճի ՀՀ արտաքին պարտքը: Ուշադրություն` 12,5 միլիարդից մեծ թիվ ա լինելու:
Իսկ այսօր էկոնոմիկայի նախարարն էլ իր հերթին հայտարարում է, որ պետական պարտքը 5 միլիարդ 962 միլիոն դոլար է և հավելում է, որ «ովքեր ասում են 12 միլիարդ, կա՛մ տեղեկացված չեն, կա՛մ մանիպուլյացիայի են ենթարկում, որպեսզի քաղաքական դիվիդենտներ շահեն»:
Այլ կերպ ասած` էկոնոմիկայի նախարարը «քուանշում» է ֆինանսների նախարարին: Հիմա այս երկու պատասխանատուներից ո՞վ է խաբում հանրությանը, ո՞վ է լկտի սուտ տարածում հարկ վճարող «հերոսներին», ո՞վ է հիմարացնում ՀՀ հպարտ քաղաքացիներին:
Սա արդեն ծիծաղելի չէ, սա սարսափելի է:
Միգուցե պետական պարտքը ավելի շատ է, քան ներկայացվում է, օրինակ` 12,5 միլիարդին ավելանալու է ևս 5 միլիարդ 962 միլիոն, այսպես մոլորեցնում են, որպեսզի շեղեն իրական կատաստրոֆայից:
Եվս մեկ հավելում, եթե էկոնոմիկայի կամ ֆինանսների նախարարն այդքան համարձակություն ունեն, թող մի հատ էլ լայվ նկարեն ու ազնվորեն ասեն, թե ինչքա՞ն է պետական պարտքի սպասարկումը ավելացել: Օրինակ` Հրանտ Բագրատյանն ասում է, որ եթե պետական պարտքը 2 անգամ է ավելացել, ապա սպասարկումը 11 անգամ:
Ֆինանսների նախարարի արձագանքին սպասելով»։

***

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Թռիչքաձև աճող պետական պարտքն արդեն հուզում է բարձրաստիճան պաշտոնյաներին։
Ասեմ, որ չիմացողներն իմանան։
Ըստ պաշտոնական վիճակագրության վերջին տվյալների՝ 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության պետական պարտքը կազմում է 12 միլիարդ 842 միլիոն 240 հազար ԱՄՆ դոլար, այլ ոչ թե 12 միլիարդ ԱՄՆ դոլար։
Ի դեպ, 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պետական պարտքն աճել է շուրջ 1 միլիարդ ԱՄՆ դոլարով, իսկ 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ՝ կրկնապատկվել է։
Բարձրաստիճան որոշ պաշտոնյաների համար հատուկ ընդգծում եմ. ՀՀ արտաքին պարտքը պաշտոնական վերջին տվյալներով՝ 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմում է 6 միլիարդ 454 միլիոն 151 հազար ԱՄՆ դոլար, այլ ոչ թե 5 միլիարդ 962 միլիոն ԱՄՆ դոլար։
Կարծում եմ հիմա պարզ է դառնում, թե ով է քաղաքական դիվիդենտ ստանում՝ հանրությանը մանիպուլացնելով կամ չտեղեկացված լինելու հետևանքով»։

***

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ. «Էդ Պապոյան Գևորը, որ բանա ասում, ուղղակի ասում ա՞, թե՞ տուպիկ են տվել, որ էնքան ա մի բան խոսա: Թե բա՝ «ՀՀ արտաքին պարտքը 5 մլդ 962 մլն է»: Բա ներքին պարտքը, թե՞ դա պարտք չի:
Ճիշտ ա տնտեսագետ չեմ, բայց ասեմ, որ էդ ներքին պարտքի տոկոսն ու սպասարկումն ավելի բարձր ա, գումարած ֆիննախի պարտատոմսերը»:

***

ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Եղիազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Գևորգ Պապոյանը հերթական անգամ սուտ և մանիպուլյատիվ տեղեկություն է հրապարակում, իբր ՀՀ արտաքին պարտքը կազմում է ոչ թե 12 միլիարդ դոլար, այլ ընդամենը 5.9 միլիարդ։
Ասեմ, որ ՀՀ ընդհանուր պարտքը կազմում է 12 միլիարդ դոլար, որից՝ արտաքին պարտք՝ 6,2 մլրդ դոլար,
ներքին պարտք՝ 5,9 մլրդ դոլար։
Արտաքին պարտքի մեջ ներառված են՝
ՀՀ կառավարության պարտք՝ 5,7 մլրդ դոլար,
ՀՀ կենտրոնական բանկի պարտք՝ 508 միլիոն դոլար։
Իսկ ներքին պարտքի հիմնական մասը կազմում են ռեզիդենտների ձեռք բերված պետական գանձապետական պարտատոմսերը՝ 5,3 մլրդ դոլար:
Ստացվում է ՀՀ ընդհանուր պարտքը 12 միլիարդ դոլար է։
Իսկ Պապոյանը հավանաբար նշում է միայն ներքին պարտքի մասը»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին