▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եկեք նախ ինքներս մեզ դատենք, հետո…

 

Զվարթնոց եւ Գառնի տաճարների տարածքում կազմակերպված <<փարթիի>> կամ կորպորատիվ միջոցառման վերաբերյալ տարածված տեղեկատվության շուրջ ծայր առած <<հուժկու տորնադոն>> շուտով կմարի:

Նրանք, ովքեր անցած օրերին հոգնեցնելու եւ զզվեցնելու չափ՝ <<հայրենասիրաբար>> կուրծք էին ծեծում ու աղաղակում՝ սրանք եւս կլռեն:

Երկրում կա գրանտներով <<հայրենիք պաշտպանող>> եւ պատմա-մշակութային <<ավերակների>> վրա ողբ ու կական բարձրացնող խմբերի մի շերտ, եւ նաեւ՝ գործիչներ ու լրատվամիջոցներ, որոնք մի՛շտ էլ կայացել են նման <<տորնադո>>-ների շնորհիվ:

Իսկ հետո, կարճ ժամանակ անց լիովին մոռացել են բոլոր խնդիրների մասին, որոնց շուրջ աշխարհացունց աղմուկ են բարձրացրել:

Զվարթնոցի եւ Գառնիի պատմությունն էլ նույն կերպ է ավարտվելու:

Անկասկած: Այս ընթացքում եղան թեեւ քիչ, բայց իրապես բանական մարդիկ, ովքեր փորձեցին խնդիրը դիտարկել միանգամայն այլ տեսանկյունից:

Զզվելի բան է, բայցեւ շատ հեշտ է մեկեն ցցվել ու <<հայրենասեր>> խաղալ:

Այս տեսակը պարզապես նողկալի է, երբ մանավանդ տեսնում ես, որ նույն այդ մարդիկ Զվարթնոցի ու Գառնիի մասին գրում են սարսափելի տառասխալներով, ներեցեք՝ բռնաբարելով մայրենի լեզուն/ ընդ որում՝ ժարգոնով գրված մեկ նախադասության մեջ 20 ուղղագրական սխալ են անում, քերականականի եւ շարահյուսականի մասին էլ չեմ խոսում/:

Եվ սրանց ես պետք է հավատա՞մ: Եղբա՛յր, նախ հարգեք ձեր մայրենի լեզուն, հետո միայն բարբառեք բարձր արժեքների եւ դրանք <<պղծելու>> մասին:

Դարեր շարունակ կանգուն մնացած կամ մասնակի փրկված պատմա-մշակութային հուշարձանները ուղղակի հրամայում են պաշտել քո մայրենի լեզուն, ինչի շնորհիվ են նաեւ նրանք հասել մեր օրեր: Ուրեմն՝ եթե պղծում ես քո լեզուն՝ մեզ մատուցելով մի զազրելի տեքստ, ապա ի՞նչ իրավունքով ես կոկորդ պատռում, թե՝ հասեք, փրկեք հուշարձանները դրանք <<պղծողներից>>:

Երկրորդ՝ բոլորս պետք է ձեռքներս դնենք մեր խղճին ու խոստովանենք, որ մե՛նք ենք առաջին հերթին մեղավոր այն բանի համար, որ ողջ երկիրը աղտոտում ենք: Ցանկացած հուշարձանի մոտով անցնելիս անպայման աղբի կուտակումներ կհայտնաբերես: Էդ հո ամեն օր ենք տեսնում՝ սկսած մեր բակից վերջացրած պատմա-մշակութային տարածքներ:

Հե՛նց վերջերս տեսանք, թե ինչպես էին անհայտ անձինք զանազան գրություններով աղտոտել Ալեքսանդր Սպենդիարյանի արձանը մայրաքաղաքի սրտում:

asekose.am-ին տված հարցազրույցում հուշարձանագետ Սամվել Կարապետյանն իրավացիորեն նկատոււմ է. <<Ընդհանրապես, երբ որ որևէ երևույթ առնչվում է մշակույթի նախարարության հետ, բնականաբար, սլաքներն ուղղվում են հենց նախարարին: Սակայն ես չեմ մասնավորեցնի, որովհետև Հասմիկ Պողոսյանը չէ, որ ամբողջ երկրի տարածքը «խոզանոցի» է վերածել. մենք ունենք խոզանոցին համակերպված և դա որպես մշակույթ կրող հասարակություն: Ամբողջ ՀՀ տարածքը, բոլոր հուշարձանների տարածքն աղբի մեջ կորած է, սա Հասմիկ Պողոսյանի հետ ի՞նչ կապ ունի: Այսինքն` այս այլանդակ վիճակը կրում ենք բոլորս, մենք անմշակույթ ենք և պետք չէ մասնավորացնել>>: Իրավացի է հարգարժան հուշարձանագետը:

Բայց կա նաեւ հարցի մեկ այլ կողմը, ինչի մասին նույնքան իրավացիորեն նկատել է <<Նյուզբուք>> կայքը. <<Այսօր մի շարք հանրապետականներ՝ ի դեմս Սամվել Ֆարմանյանի և Մարգարիտ Եսայանի, իրենց վրդովմունքն են հայտնել Զվարթնոցի և Գառնիի տաճարներում կազմակերպված փարթիների վերաբերյալ: Տպավորություն է, թե այս մարդիկ, լինելով ԱԺ պատգամավորներ, տեղյակ չեն Կառավարության ընդունած օրենքներին և որոշումներին:

Եթե հանրապետական պատգամավորները տեղյակ չէին այս որոշման մասին՝ ծիծաղելի է, եթե Հասմիկ Պողոսյանն ինքնագլուխ է կայացրել նման որոշումներ, դարձյալ ծիծաղելի է, որովհետև եթե ՀՀԿ խոսնակ Շարմազանովը պնդում էր, թե քամին անգամ հայոց լեռների վրայով անցնելու համար նախ պետք է անցնի Մելիք Ադամյան փողոցով և միայն ՀՀԿ թույլտվությունն ունենալուց հետո ուղևորվի դեպի հայոց լեռներ, ապա ամոթ է, որ հիշյալ պատգամավորներն ու նրանց գործընկերներն իրենց համար գնում-գալիս էին խորհրդարան, իսկ Հասմիկ Պողոսյանը գողեգող ազգապիղծ որոշումներ և օրենքներ է ընդունում:

Այնպես որ, եթե անգամ մտքներին Հասմիկ Պողոսյանին հեռացնելն է և հասարակությանը դրանով սփոփելը, թե, ահա, հանրային պատվերով հեռացվեց ազգային արժեքների գերագույն պղծողը, սրանով ՀՀԿ-ն, հաստատ, խնդիր չի լուծի: «Հասո ջան, սիրուն չի» խաղն այլևս ժամանակավրեպ է հասարակության գլխով անցած նմանատիպ խաղերից հետո, որովհետև փաստ է, որ երկրի արժեքները բոլոր պղծողները դուրս են եկել հենց Մելիք Ադամյան փողոցի հայտնի մուտքից>>:

Այո՛, երբ նման խնդիրերի վերաբերյալ իշխանական պատգամավորները տարիներով լռում են եւ հանկարծ որոշում են ԱԺ ամբիոնից կամ միջանցքներում կանգնած դատապարտել տեղի ունեցած, այստեղ ոչ միայն Հասմիկ Պողոսյանի <<ինքնագլուխ>> գործողությունների մասին խոսելն է ավելորդ դառնում, այլեւ նկատելի է հիշյալ անձանց կողմից ինչ- ինչ նկրտումներով պայմանավորված միտումնավոր հարձակումներ նախարարի դեմ: Բացի այդ, հարց է առաջանում, որ հնարավոր չէ չուղղել այս պատգամավորներին:

Աժ մեծամասնությունը կազմող ուժի հարգելի ներկայացուցիչներ, ձեր խմբակցությունում հարուստների պակաս չկա, երբեւեէ դիմե՞լ եք ձեր կուսակիցներին հուշարձանների պահպանության հարցում բարեգործություն անելու խնդրանքով:

Կամ՝ դուք ինքներդ երբեւէ փորձե՞լ եք թեկուզ չնչին գումարով աջակցել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին, որ վերջինս կարողանա լուծել թեկուզ հուշարձանների տարածքում զուգարանների տեղադրման խնդիրը:

Է՛հ, եթե որեւէ բարեգործություն չեք արել, ուրեմն նշված ՊՈԱԿ-ի կանոնադրությամբ եւ օրենքով հաստատված է անժամկետ եւ անհատույց օգտագործման իրավունքով ամրացված տարածքները վարձակալությամբ տրամադրելու իրավասությունը:

Նույն պատգամավորները շատ լավ գիտեն, որ օրենքները անկատար են եւ պետք է դրանք բարեփոխվեն, որպեսզի ոլորտը գործի հստակ կանոնակարգերով:

Այս հարցով անգամ խորհրդարանական լսումներ են տեղի ունեցել, սակայն մինչ համապատասխան օրենքներում փոփողություններ ու լրացումներ չեն արվել: Հետեւաբար, ի՞նչն են դատապարտում սույն պատգամավորները, եթե իրենք եւս այս հարցում նախանձախնդրություն չեն դրսեւորել: Ի դեպ, անցյալ տարի խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչը եկեղեցին փակեց եւ իր երեխաների կնունքն արեց տաճարում՝ ժամեր ժարունակ զրկելով հավատացյալներին մուտք գործել եկեղեցի:

Այդ ժամանակ Ս. Ֆարմանյանը կամ Մ. Եսայանն իրենց կուսակցի քայլը չդատապարտեցին:

Ի դեպ, Օպերայի թատրոնի շենքն էլ պատմա-մշակութային արժեք է համարվում, բայց նույն բեմում <<կառավարական համերգների>> ժամանակ այնպիսի արաբա-թուրքական ոռնոց է հնչում, որ Աստված հեռու տանի:

Իսկ ո՞վ ասաց, որ սա պղծել չի նշանակում կամ ի՞նչով է տարբերվում կորպորատիվ միջոցառումներից: Նույն պատգամավորներն ի՞նչու են մոռանում, որ Ջաղինյանը հայտնի ֆիլմում պառկած է Թումանյանի թախտի վրա:

Մեկն էլ կա, որ <<Նյուզբոք>>-ում հանդես է գալիս Մ. Լեւոնյան ստորագրության ներքո /<<օն ժե Գոգա, օն ժե Ժորա>> սկզբունքով/ եւ աջ ու ձախ անհիմն եւ անապացույց վկայակոչելով մշակույթի գործիչների ու պատգամավորներին՝ գրում է, թե նրանք պահանջում են Հասմիկ Պողոսյանի հրաժարականը:

Է՛հ, նույն հաջողությամբ ես էլ կարող եմ ասել, որ մշակույթի գործիչներին սարսափեցնում է միտքը, որ նախարար Պողոսյանը կարող է փոխարինվել մեկ ուրիշով:

Ընդ որում, այս մասին կարող եմ վստահ ասել, քանի որ տեսել եմ, թե ինչպես եւ ինչ հանգամանքներում է նույն մշակույթի գործիչներին աջակցել նախարարը՝ անելով գրեթե անհնարինը, որպեսզի որեւէ մեկի բեմադրությունը, գիրքը կամ ցուցահանդեսը հրատարակվի ու կայանա: Եթե հրաժարականի հասարակական պահանջ կա, ապա դա կարող է ուղղված լինել ողջ իշխանությանը եւ ոչ թե նրա <<կատարածուներից>> մեկին:

Այն, որ Հասմիկ Պողոսյանը այս դեպքում վերահսկողական գործառույթները լիարժեք չի իրականացրել, ավելին՝ թերացել է այս հարցում՝ անժխտելի է:

Պատշաճ վերահսկողություն իրականացնելու դեպքում նման անընդունելի իրողություն չէր արձանագրվի: Շա՛տ վատ է, որ հարկավոր վերահսկողություն չի եղել, ինչն անթույլատրելի է եւ դրա համար, այո, պետք է քննադատել ոլորտի պատասխանատուին: Բայց, ինչպես արդեն նկատեցի, ոլորտը կարգավորող օրենքները բարեփոխման կարիք ունեն: Եվ դարձյալ հուշարձանների քարերի վրա իրենց գլուխը կքած եւ կեղծ հեծեծացող ակտիվիստների մասին:

Հիշյալ ՊՈԱԿ-ը ապրիլի 18-ին հայտարարություն տարածեց, որով կոչ արեց բոլորին մասնակցել հուշարձանների տարածքում անցկացվող շաբաթօրյակին, ինչի ժամանակ էլ պատասխանատուները նախատեսել էին էլի ինչ-որ բաներ ձեռնարկել:

Այդ ակտիվիստներից ո՞վ արձագանքեց կոչին: Ոչ ոք: Ոչ ոք չգնաց եւ չմասկակցեց տաճարները մաքրելու աշխատանքներին: Մինչ այդ աղմկում էին, թե հասեք, Գառնու տաճարի կողքին սրճարան են կառուցում: Իսկ գուցե ՊՈԱԿ-ը շաբաթօրյակին նաեւ սրաճարանի կառուցման գո՞րծն էր ավարտին հասցնում:

Գնայինք մասնակցեինք, մաքրեինք տարածքը եւ գուցե նաեւ տեղում <<բռնացնեի՞նք>> որ սրճարանն արդեն պատրաստ է: Բայց ոչ, ոք մեկս էլ չարձագանքեցինք այդ կոչին:

Եվ վերջում հուշարձանների տարածքներում կազմակերպվող <<փարթի>>-ների ու կորպորատիվ միջոցառումների մասին:

Սա 21-րդ դարն է, եւ ցանկացած երկիր՝ ամենաահարուստ երկրից մինչեւ ամենաաղքատը նման պրակտիկա միշտ կիրառել է եւ հիմա էլ կիրառում է: Ինտերնետը կա, բացեք, տեսեք եւ համոզվեք: Պետություններն այդպես են պահում իրենց հուշարձանները: Ակրոպոլիսից մինչեւ Անգլիայի Սուրբ Պողոս եկեղեցի, մինչեւ դանիական ամենազդեցիկ ամրոց…ամենուր միջացառումներ են անցկացվում: Իսկ այստեղ <<ուռռա հայրենասերները>> գոռում են ՅՈՒՆԵՍԿՕ-յի ուղղությամբ, թե շուտ արեք, արագացրեք ու Զվարթնոցն ու Գառնին հանեք ձեր ցանկից: Լավ էր, ՅՈՒՆԵՍԿՕ-ն էլ բոլորի <<պորտը տեղը դրեց>>` արձագանքելով այստեղից հնչող հարցադրմանը՝ հայտարարեց, որ ամեն երկիր ազատ է տնօրինելու իր տարածքում գտնվող հուշարձանները. <<Այս հարցում որևէ սկզբունք չկա: Իհարկե, ամեն ինչ պետք է կազմակերպվի այնպես, որ հարգվի կառույցը>>:

Ամեն դեպքում մի օրինակ էլ մենք նշենք:

Անգլիայի Սուրբ Պողոս տաճարում անցկացվում են կորպորատիվ միջոցառումներ: Մոտ 250 մարդ կարող է նստել տաճարում տեղադրված սեղանների շուրջ:

Ի դեպ գլխավոր սահում ծովակալ Լորդ Նելսոնի դամբարանն է, որտեղ նախաճաշից առաջ ալկոհոլ է մատուցվում:

Հիմա սա ի՞նչ է. հուշարձանը ներկայացնելու-հանրահռչակելու առանձնհատուկ ձե՞ւ, թե՞ <<ուտուշխմուշ>>....

 

Հեղինակ` Մերի Նահապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին