armtimes.com-ը գրում է. Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը, որ վարել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց, որ նիստում անդրադարձ են կատարել ԱԺ-ի արտահերթ նիստին, ներքաղաքական եւ արտաքին քաղաքականությանը վերաբերվող հարցերի: Խոսելով ՀՀԿ խորհրդի նիստի վերաբերյալ, Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց, որ մինչեւ տարեվերջ խորհրդի նիստ կգումարեն եւ կընտրեն ՀՀԿ առաջին փոխնախագահին, իսկ դաշինքներ կազմելու հարց ընդհանրապես չեն քննարկել, սակայն նշեց, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի ցուցակում կլինեն այնպիսի քաղաքական ուժերից, ՀԿ-ների ներկայացուցիչներ, որոնք տարիներ շարունակ համագործացել են ՀՀԿ-ի հետ:
Անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունների համագործակցության հուշագրին, որը մոտ մեկ շաբաթ առաջ է ստորագրվել, ՀՀԿ խոսնակն ասաց, որ բոլոր քաղաքական ուժերին ազատ մրցապայքարում հաջողություններ է մաղթում: «Դեռ ժամանակ կա ընտրություններին, ի՞նչ իմանամ՝ մրցակից են, մերցակից չեն: Այդ ուժերը մի ամիս առաջ Վանաձորում իրար ընդդիմադիր էին: Հիմա, այսօր նույն դաշինքում են, մենք միայն գաղափարական, քաղաքական մրցապայքարի կողմնակից ենք, բայց կարծում ենք՝ դեռ նոր դաշինքներ, նոր ֆորմատներ կձեւավորվեն քաղաքական դաշտում եւ առաջին հերթին՝ ընդդիմության մեջ»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում