«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխող խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը, որը նաեւ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովն է ղեկավարում, առաջիկայում լքելու է այդ պաշտոնը: Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ Էդուարդ Աղաջանյանի՝ դեսպան նշանակվելու ցանկությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ վերջինս շատ հիասթափված է իր քաղաքական ուժից, ավելին՝ վերջին շրջանում շփում չի ունեցել անգամ Նիկոլ Փաշինյանի հետ:
Կուսակիցների հետ քննարկումների ժամանակ պատգամավորը հայտարարել է, որ նպատակ ունի երկրից հեռանալու, սակայն կոնկրետ երկիր չի նշել: Աղաջանյանը նաեւ հայտարարել է, որ այլեւս ցանկություն չունի այստեղ ապրելու եւ աշխատելու: Տեղեկությունը ճշտելու համար «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել Էդուարդ Աղաջանյանի հետ, սակայն մեր բազմաթիվ զանգերն այդպես էլ անպատասխան մնացին:
Երեկ հայտնի դարձավ նաեւ, որ պատգամավորը հրաժարվել է ԵԱՀԿ ԽՎ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավարի իր պաշտոնից: ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կղեկավարի Սարգիս Խանդանյանը: Վերջինիս թեկնածությանը խմբակցությունում ոչ բոլորն են կողմ, սակայն կան պատգամավորներ, այդ թվում՝ Մարիա Կարապետյանը, որ ակտիվ գովազդում է նրան եւ հենց պայքարել է Խանդանյանի՝ հանձնաժողովի նախագահ դառնալու համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում