Հայաստանի հավաքականի և «Ուրալի» հարձակվող Էդգար Մանուչարյանը հարցազրույց է տվել իր ակումբի պաշտոնական կայքին, որում անդրադարձել է նաև Հայաստանի հավաքականում իր ելույթներին:
– Վերջին հրավերը ազգային հավաքական անսպասելի՞ էր:
– Ինչո՞ւ:
– Դու երկար ժամանակ հանդես չէր եկել բարձր մակարդակում:
– Այո, չէի խաղացել: Բայց գիտեի, որ մարզիչն իմ վրա հույս է դնում: Մինչ այդ չէի հրավիրվում, որովհետև խաղային պրակտիկա չունեի: Բայց երբ ես լավ մարզավիճակում եմ ու պարբերաբար խաղում եմ, ինձ հրավիրում են: Ես խոսել էի մարզչի հետ: Նա ասաց, որ հույս է դնում իմ վրա, պետք է միայն մարզվել ու խաղալ: Ես միշտ ուրախ եմ, որ ինձ հավաքական են հրավիրում:
– Ղազախստանի հետ խաղում Հայաստանը երկու գոլ խփեց այն բանից հետո, ինչ դու փոխարինման դուրս եկար: Կարելի՞ է ասել, որ դու ուժեղացրիր խաղը հարձակման գծում:
– Չեմ հետևում վիճակագրությանը: Ես ուղղակի զբաղվում եմ իմ գործով: Ինձ հետաքրքիր չէ, թե ով է գոլ խփում կամ փոխանցումներ կատարում: Ամենակարևորն այն է, որ ես 100 տոկոսով նվիրվեմ թիմին: Իհարկե, շատ ուրախ եմ, որ իմ փոխարինման մտնելուց հետո մենք խփեցինք: Գտնում եմ, որ մենք արժանի հաղթեցինք:
– Ինչպե՞ս ես գնահատում Հայաստանի շանսերը՝ հայտնվելու Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում:
– Հիմա մենք լավ շանսեր ունենք: Այո, դեռ ծանր խաղեր կան, բայց ամեն ինչ կախված է մեզնից: Առջևում ծանր խաղ է Չեռնոգորիայի դեմ՝ հունիսին: Եթե հաղթենք, կբարձրանանք երկրորդ տեղ: Իսկ հետո տնային խաղերի շարք է: Մեր դաշտում հնարավոր է հաղթել բոլորին:
– Ո՞վ է ամենաուրախ տղան Հայաստանի հավաքականում:
– Ես (ծիծաղում է՝ խմբ.):
– Ինչպե՞ս է դա արտահայտվում:
– Չգիտեմ: Այդպես են ասում: Ես թիմում ամենամեծն եմ: Թեև երբեմն դա չեմ զգում ու ինձ պահում եմ, ինչպես ամենաերիտասարդը: Ես այնպիսին եմ, ինչպես մյուսները՝ զգում եմ, թե 18 տարեկան եմ, ոչ թե 30:
– Հասցրեցի՞ր տանը լինել:
– Միայն մեկ օր: Մարտի 19-ին տանն էի, իսկ արդեն հաջորդ օրը սկսվեցին հավաքականի մարզումները:
– Հավանաբար, տանը հատուկ պատրաստվել էին քո այցին:
– Իհարկե: Մայրիկս միշտ սպասում է ինձ: Նա տխրեց, որ միայն մեկ օրով եմ եկել: Ժամանակ չկար, որ ինչ-որ տեղ գնայինք միասին:
– Ո՞րն է մայրիկիդ պատրաստած ամենասիրելի ուտեստը:
– Մայրս գիտի, որ ես ուտում եմ ամեն ինչ: Ինձ ամեն ինչ շատ է դուր գալիս:
– Երևանում, երևի, արդեն ամեն ինչ ծաղկում է:
– Այո: Այնտեղ տաք է՝ +15 կամ +20 աստիճան: Այնտեղ միշտ ապրիլից լավ եղանակ է սկսվում մինչև սեպտեմբեր-հոկտեմբեր: