▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ԱԳ նախարարները ԼՂ հարցի վերաբերյալ հայտարարություն են ընդունել

Համբուրգում ընթացող ԵԱՀԿ նախարարական գագաթնաժողովի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ համատեղ հայտարարություն են ընդունել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները` ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան­Մարկ Էյրոն:

Հայտարարության մեջ շեշտվում է, որ համանախագահող երկրները լիովին
հանձնառու են Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային կարգավորմանը:

«Հաշվի առնելով ապրիլին շփման գծում բռնության աճը` մենք մտահոգություն ենք հայտնում շարունակական զինված միջադեպերի` այդ թվում ծանր զինատեսակների կիրառման առնչությամբ, և խստորեն դատապարտում ենք ուժի և դրա սպառնալիքի կիրառումը: Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի և ոչ մի արդարացում չկա քաղաքացիական անձանց մահվան և վիրավորման դեպքերի վերաբերյալ: Մենք նաև տեղյակ ենք ռազմաճակատում ապրիլին տեղի ունեցած վայրագությունների մասին, որոնք մենք դատապարտում ենք ամենախիստ ձևակերպումներով: Մենք կոչ ենք անում կողմերին հաստատելու իրենց հանձնառությունը հակամարտության խաղաղ կարգավորմանը` որպես տարածաշրջանի ժողովուրդների միջև համերաշխության հաստատման միակ ճանապարհ:

Մենք նաև նրանց կոչ ենք անում խստորեն հետևել 1994­1995 թվականների հրադադարի համաձայնագրերին, որոնք հակամարտության գոտում բռնությունների դադարեցման հիմնավորումն են:

Մենք կոչ ենք անում Բաքվին և Երևանին հարգելու մայիսի 16­ին Վիեննայի գագաթնաժողովում և հունիսի 20­ ին Սանկտ­ Պետերբուրգի գագաթնաժողովում ընդունված համատեղ հայտարարություններում ամրագրվա համաձայնությունները:

Մենք ողջունում ենք կողմերի գրանցած առաջընթացը անհետ կորած անձանց վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը` Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի հովանու ներքո: Կոչ ենք անում կողմերին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի առաքելության ընդլայնման հարցում վերացնել բոլոր
խոչընդոտները և առաջընթաց գրանցել ԵԱՀԿ հետաքննություն մեխանիզմի ստեղծման առաջարկի շուրջ:

Առաջարկները պետք է իրականցվեն կարգավորման շուրջ բանակցությունների անմիջապես վերսկսմանը զուգահեռ:
Մենք կցանկանայինք կրկնել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին մեր կոչը` ճկունություն ցուցաբերելու և բանակցային սեղանին վերադառնալու`ընթացիկ աշխատանքային առաջարկների հիման վրա դեպի կայուն խաղաղության հաստատում առաջ շարժվելու նպատակով: Քանի դեռ բանակցություններում առաջընթաց չի գրանցվի, վերսկսված բռնության հեռանկարները միայն կմեծանան, իսկ կողմերը լիակատար պատասխանատվություն կկրեն դրա համար:

Հիշեցնում ենք կողմերին, որ կարգավորումը պետք է հիմնվի Հելսինկիի Եզրափակիչ ակտի, մասնավորապես ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման հավասար իրավունքների հիման վրա, ինչպես նաև համանախագահող երկրների նախագահների առաջարկած հավելյալ տարրերի հիման վրա, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձ ադրբեջանական վերահսկողության ներքո, Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակ, որն ապահովում է անվտանգության և ինքնակառավարման երաշխիքներ, Հայաստանը Լեռնային Ղարաբաղին միացնող միջանցք, Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակը սահմանող իրավականորեն պարտադիր կամարտահայտություն, ներքին տեղահանված բոլոր անձանց և
փախստականների վերադարձ իրենց նախկին բնակության վայրեր և միջազգային անվտանգության երաշխիքներ, որոնք ներառում են խաղաղապահության գործողություն:

Մեր երկրները շարունակելու են սերտորեն աշխատել
կողմերի հետ և մենք կոչ ենք անում նրանց ամբողջությամբ օգտվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` որպես միջնորդների օժանդակությունից:
Համանախագահները պատրաստ են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն այն ժամանակ, երբ նրանք պատրաստ կլինեն: Մենք խորապես հավատում ենք, որ նախագահները պետք է բարի կամքով հնարավորինս
շուտ ներգրավեն բանակցություններում:

Նախագահների միջև շարունակական և ուղիղ երկխոսությունը, որն անցկացվում է համանախագահների հովանու ներքո, մնում է վստահության կառուցման և խաղաղ բանակցային գործընթացում առաջ շարժվելու հիմնարար տարրը»,­ ասված է համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարների համատեղ հայտարարության մեջ:

Թարգմանությունը՝  «Արմենպրես»­ի

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին