▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դուք իմ շատ լավ ընկերն եք, և Ալիևը ինձ լավ ընկեր է, ի՞նչ կարող եմ ես անել… Լուկաշենկոն՝ Փաշինյանին

Արդեն տեղեկացրել ենք, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, ով Հայաստան է ժամանել ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով:

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր խոսքում ասել է. «Հարգելի Նիկոլ Վովայի, շնորհակալություն այս շատ կարևոր հանդիպման համար, որը նախորդում է մեր տնտեսական միության շրջանակում երկրների ղեկավարների վաղվա նիստին: Ցանկանում եմ շնորհավորել Ձեզ՝ շատ արդյունավետ նախագահության համար: Ես գիտեմ, թե որքան շահագրգռված եք Դուք եղել և որքան ակտիվ եք աշխատել Սինգապուրի հետ՝ համաձայնագրի ստորագրման ուղղությամբ: Անկեղծ ասած, երբ ինձ զեկուցեցին այն մասին, որ մենք պետք է մշակենք Սինգապուրի հետ ազատ առևտրի գոտու կնքման մասին համաձայնագիր, ես ասացի՝ կենտրոնացեք Նիկոլ Փաշինյանի վրա, կենտրոնացեք Հայաստանի վրա, որովհետև մեր տնտեսությունները նման են, և չեմ կարծում, թե Հայաստանն իր համար որևէ բան վատ կանի, ինչը կվնասի, ենթադրենք, նաև մեզ: Դրա համար մենք կենտրոնացանք Ձեր մշակումների վրա, սակայն, իհարկե, նույնպես վերլուծել ենք իրավիճակը և մշտապես Ձեզ աջակցել ենք, Դուք դա չեք կարող հերքել: Ձեր յուրաքանչյուր դիմումին մենք մշտապես աջակցել ենք, և պետք է ասեմ, որ դա առաջին դեպքն է, երբ մեկ տարվա ընթացքում Դուք կարողացաք ոչ միայն առաջ շարժվել, այլև մշակել համապատասխան համաձայնագիրը: Անկեղծ ասած, Սինգապուրը նման համաձայնագրի համար պետք է առաջին հերթին շնորհակալ լինի Հայաստանին: Սակայն պետք է ընդգծեմ, որ համաձայնագիրը բոլոր պետությունների օգտին է, հակառակ դեպքում այն ոչ ոք չէր դիտարկի: Դրա համար էլ օպտիմալ ժամանակում մշակվել է այս համաձայնագիրը:
Ես ուշադրությամբ եմ հետևում Հայաստանում առկա իրավիճակին՝ Բելառուսի նկատմամբ հարաբերությունների համատեքստում: Գիտեմ, որ հայերը բելառուսներին միշտ էլ լավ են վերաբերվել: Մենք նման ժողովուրդներ ենք, աշխատասեր, շատ տառապանքներ տեսած ժողովուրդներ: Դուք շատ եք նշում և ճիշտ եք նշում այն տառապանքների մասին, որոնք ավելի քան 100 տարի առաջ կրել եք ձեր մաշկի վրա: Մենք շատ ենք խոսում այն մասին, թե ինչ է տեղի ունեցել 75-80 տարի առաջ՝ Բելառուսում ֆաշիզմի, ցեղասպանության ժամանակ, հայերին նույնպես բաժին հասավ: Այդ պատճառով պատմությունը շատ նման է, մարդիկ շատ նման են, և մենք, իհարկե, շահագրգռված ենք այդ հարաբերությունների կառուցմամբ:
Այսօր մենք, ելնելով մեր ներուժից, ոչ մեծ ապրանքաշրջանառություն ունենք, ինչպես Դուք նշեցիք, բայց այն կարող էր ընդհանրապես չլինել: Ե՛վ ձեզ մոտ, և՛ մեզ մոտ շատերը կարծում էին՝ դե լավ, չենք համագործակցի, Երևանը կհամագործակցի շրջապատող պետությունների հետ, բայց մենք այն ժամանակ ասեցինք՝ ոչ, պետք է աստիճանաբար հարաբերություններ կառուցել: Եվ այսօր՝ արդեն Ձեր վարչապետ դառնալուց հետո, ես նայեցի տվյալները՝ 140 տոկոս ապրանքաշրջանառության աճ ունենք: Շատ լավ տեմպ է: Մենք ճանապարհներ գտանք, հատկապես երբ մտանք ԵԱՏՄ, և ես Ձեզ պետք է հավաստիացնեմ, որ այսուհետ ևս այդպես կլինի: Մենք կաջակցենք ձեզ, ձեր բիզնեսին Բելառուսում, եթե ձեզ հետաքրքիր են մեր ձեռնարկությունները, մենք կգանք Հայաստան, համատեղ ձեռնարկություններ կստեղծենք:
Ես դա ասում եմ այն առնչությամբ, Նիկոլ Վովայի, որպեսզի Դուք չմտածեք, թե մեզ մոտ Հայաստանի նկատմամբ քաղաքականությունը փոխվել է: Գիտեք՝ եթե անգամ Դուք հրաժարվեք մեզ հետ համագործակցելուց, օրինակի համար, մենք միևնույն է, կպնդենք, որ մենք լինենք շատ մտերիմ, բարեկամ պետություններ, և Դուք պետք է միշտ իմանաք, որ մենք միշտ պատրաստ ենք Հայաստանի մեջքին կանգնել:
Այդպես է ստացվել, որ Դուք իմ շատ լավ ընկերն եք, և Ադրբեջանի նախագահը դեռ վաղ ժամանակներից լավ ընկեր է: Եվ ի՞նչ կարող եմ ես անել՝ ես շատ լավ եմ վերաբերվում և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին, և՛ Ադրբեջանի ղեկավարությանը դեռ այն ժամանակներից, երբ դեռ Հեյդար Ալիևն էր այնտեղ նախագահ, մենք նրա հետ ենք սկսել աշխատել: Ձեզ հետ նույնպես լավ հարաբերություններ ունենք: Դուք մի անհանգստացեք, որ մենք որևէ մեկի հետ բարեկամություն կանենք՝ ընդդեմ Հայաստանի: Բացարձակապես ոչ: Եկեք Բելառուս, ցույց տվեք՝ ինչ է ձեզ պետք, մենք պատրաստ ենք աշխատել՝ ի շահ Հայաստանի: Հավատացեք, դրանք այդպիսի հարաբերություններ են:
Ես նման ոչ դիվանագիտական թեմա շոշափեցի, միգուցե պետք չէր այն շոշափել, բայց չեմ ուզում, որ մեր միջև որևէ մինչև վերջ չասված, չպարզված բաներ լինեն: Մենք պարտավոր ենք արտահայտել հայերի և բելառուսների սպասումները, մենք պետք է բարեկամություն անենք, քանի որ մեր ժողովուրդներն են բարեկամություն անում: Մենք պետությունների ղեկավարներ ենք, որոնք պետք է ժողովրդի կամքն իրագործեն: Ես հենց դրանից եմ ելնում: Սա ուղղակի խոսակցություն չէ, Դուք պետք է հավատաք իմ անկեղծությանը և իմացեք, որ մենք միշտ լավ ենք վերաբերվելու ձեզ՝ ինչպես հարազատներին, ինչպես եղբայրներին:
Ձեր երկրի նախագահը եկել, հանդիպել էր Բելառուսում հայկական սփյուռքի հետ, նրանց հարց ուղղեց՝ դուք ի՞նչ առարկություններ ունեք իշխանությանը, ոչ մի հայ չկանգնեց և չասեց, ընդ որում, նրանք մեր հայերն են, Բելառուսի հայերը, ասացին՝ մենք հարցեր չունենք ո՛չ նախագահին, ո՛չ իշխանություններին: Այդպես կլինի միշտ»:


 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին