ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր՝ ԱԺ-ում նշեց, որ եթե Արման Թաթոյանն ընտրվի, զանգելու է նրան, համագործակցելու է՝ անկախ նրանից՝ ՀԱԿ-ն ինչպես է արտահայտվել. «Սակայն մենք ձեզ ընկալում ենք որպես Սերժ Սարգսյանի կադր, ու այն ազատությունները, որ ունեիք, հիմա չեք ունենա: Լավ կրթությունն ի չիք են դառնում, քանի որ մտել եք մի դաշտ, որտեղ մարտի մեկը ամենալուրջ մարտահրավերն է: Մեր երկրում կա մի խութ, խայտառակություն, որը մնալու է այնքան, մինչեւ բացահայտվի մարտի մեկը: Ձեր բոլոր դրական հատկանիշները չեն կարող լինել այդպիսին, եթե այդ փորձաքննությունը չհաղթահարեք: Մեր տառապանքը փորձ ունի՝ տարիներ շարունակ այդ ամբիոնից մեզ սուտ են մատուցել. դատախազը տղամարդու խոստում տվեց զոհերի ծնողներին, սակայն ոչինչ չարեց: Հարցս շատ կոռեկտ է՝ դուք կամք կարո՞ղ եք դրսեւորել ու այս գործն առաջ տանել: Դուք ի վիճակի՞ եք, ձեր կամային հատկությունները թույլ տալի՞ս են բացահայտել մարտի մեկն ու գնալ քաղաքական թիմի դեմ»:
Արման Թաթոյանը հայտարարեց, որ ինքը պատրաստ է Արամ Մանուկյանի հետ համագործակցել, բայց պրոֆեսիոնալ դաշտում:
Տեսանյութը՝ a1plus.am-ի