▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դու էլ գնացիր, Մետաքսե...

Դու էլ գնացիր, Մետաքսե...Ապրեցիր 88 տարի ու որոշեցիր մեծ հոբելյանիդ չսպասել...
Էհ...
Հրաշալի ավագ ընկեր էիր, ջիգյարով շիրակցի ու հրաշալի բանաստեղծ՝ քո անվան նման նրբահյուս տողերով...
Հիմա Արագածից մի տխրություն սահեց ու կախվեց քո Եգանլար-Արևշատ գյուղի վրա...
Գնաս բարով, հարազատս...

 

 

 

Ինչպե՞ս թե գնաս,

Կարծում ես հե՞շտ է խաչ քաշել վրաս,
Երբ մտել եմ քո ամեն բջիջի,
Հոգու, ոգու մեջ
Ու գոյությունն եմ դարձել քո անձի:
Ես այրվում եմ քո շիկացած արյան,
Ամեն հյուլեի բաղադրության
Ցոլացումների
Ու անդրադարձման արձագանքներում,
Քո հյուսվածքներում,
Նյարդաթելերի գործվածքների մեջ
Ես նուրբ հենքերի կապ եմ սրտամերձ…
Ինչպե՞ս թե գնաս,
Ախ դու չգիտես, չգիտես ,հոգիս,
Որ քո մեջ վաղուց, դու վաղուց չկաս,
Ու չես իմանում, որ հաճախ անլուրջ
Երբ բորբոքվում ես, բռնկվում մեկեն,
Այդ ես եմ ներսից միամտորեն
Հոգիդ փրփրում,
Երբ վրդովվում ես, տագնապից դողում,
Ես եմ քո ներսից քո դեմ բողոքում,
Երբ գորովանք ես շաղ տալիս չորս դին,
Ես եմ քեզ ներսից շոյում մտերիմ,
Երբ ծիծաղում ես, հրճվանքից հարբում,
Ես եմ քո ներսից քեզ ծափահարում,
Իսկ երբ մզզում է ականջիդ ներսում 
Վերքի մի օղակ,
Այդ ես եմ հյուսում ցավի եղանակ…
Ինչպե՞ս թե գնաս,
Դու այդ էությամբ ու՞ր պիտի գնաս…
Երբ փորձի համար
Քո ներսում քեզնից երես եմ թեքում,
Դու տղամարդու կամքով քո տկար,
Կորչում ես իսկույն ուրիշ գրկերում:
Երբ ետ եմ բերում
Շռայլանքներով փաղաքշանքիս,
Դու այդ կանանացից արդեն կշտացած
Զղջումների մեջ դառնում ես գերիս…
Ինչպե՞ս թե գնաս,
Դու չսերտեցի՞ր մեր կյանքում մի դաս,
Որ միայն մի տեղ,
Լոկ միայն մի տեղ ունես գնալու,
Այն էլ սուրբ հողիդ գիրկը իմացիր,
Եվ իմանալով, ինձ պես դիմացիր,
Որ ես այն ափում թեկուզ և սառած,
Կլինեմ կողքիդ,
Այնպես որ հիմա գնալուց առաջ 
Քեզ խաչակնքի՜ր

Լևոն Մութաֆյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին